Իրավունք

Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար

2 րոպեի ընթերցում

Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկներից մեկը, նախապես տեղյակ լինելով Տավուշի մարզի բնակչի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան»-ի անտառտնտեսության տարածքից ապօրինի ծառահատումներ կատարելու մասին, իր պաշտոնեական լիազորություններն օգտագործել է վերջինիս օգտին անգործության և թողտվության համար, այն է՝ տվյալ անձի կողմից կատարած ապօրինի ծառահատումը չկանխելու, համապատասխան իրավախախտումը չարձանագրելու և հետագայում նրա կողմից ապօրինի ծառահատումը թույլատրելու համար 2025 թվականի ապրիլի 9-ին նրանից կաշառք է ստացել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ կաշառք ստանալու համար Էկոպարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց կիրառվել են վարչական հսկողությունը, 1.000.000 ՀՀ դրամի չափով գրավը և ՀՀ-ից բացակայելու արգելքը:

Էկոպարեկին կաշառք տալու համար Տավուշի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: 

Ներկայացված մեղադրանքներում վերջիններս իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում