Իրավունք

Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից

3 րոպեի ընթերցում

ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում
ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի   շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն: 

«Պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ բովանդակությամբ տեղեկանք այն մասին, թե իբր նշված անձը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: 

Այնուհետև վարչական ղեկավարը հիշյալ տեղեկանքը տրամադրել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի աշխատակցին՝ այն դնելով պաշտոնական շրջանառության մեջ, որի արդյունքում ՀՀ զինապարտ քաղաքացին ազատվել է վարժական հավաքին մասնակցելուց:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ վարչական ղեկավարը ստորագրել և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատ է տրամադրել 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ կազմված ևս մեկ կեղծ տեղեկանք ՀՀ զինապարտ քաղաքացու համար՝ դարձյալ նշելով, որ վերջինս իբր բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, որի արդյունքում նշված անձը նույնպես չի մասնակցել 25-օրյա վարժական հավաքին»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Վարչական ղեկավարի կողմից 2025 թվականի փետրվարի 11-ին տրամադրված տեղեկանքների հիմքով վերը նշված երկու անձինք չեն մասնակցել 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներին, որի փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 46-462-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) նախաձեռնվել է քրեական վարույթ և ուղարկվել ըստ քննչական ենթակայության։

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում