Աշխարհ

Սիրիայում բախումների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, 100 մարդ՝ վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Սիրիայում բախումների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, 100 մարդ՝ վիրավորվել

Սիրիայի աս-Սուեյդայի նահանգում բախումներ են տեղի ունեցել արաբական ցեղախմբերի և դրուզների ինքնապաշտպանական ուժերի միջև, որի հետևանքով առնվազն 30 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հուլիսի 14-ին հայտարարել է աս-Սուեյդայի նահանգում զինված հակամարտությունը լուծելու և անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու նպատակով Պաշտպանության նախարարության հետ համակարգմամբ միջամտություն սկսելու մասին: 

Հայտարարության մեջ նախարարությունը հաստատել է արյունալի միջադեպերի բոլոր մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրանց իրավասու դատական մարմիններին հանձնելու իր վճռականությունը՝ ապահովելու կայունության վերականգնումը, օրենքի գերակայության ամրապնդումը և նման ողբերգությունների կրկնության կանխումը։

Ներքին գործերի նախարարությունն իր ափսոսանքն է հայտնել վերջին զարգացումների կապակցությամբ, որոնք տասնյակ զոհերի և վիրավորների պատճառ են դարձել։

Նախարարությունը շեշտել է անվտանգության ուժերի տեղակայման արագացման և համապարփակ երկխոսություն սկսելու կարևորությունը։

Աս-Սուեյդայի նահանգապետ Մուստաֆա ալ-Բաքուրը կոչ է արել բնակիչներին ցուցաբերել զսպվածություն և արձագանքել ճգնաժամի զսպմանն ուղղված նախաձեռնություններին։

Իր հերթին, դրուզ համայնքի հոգևոր ղեկավարությունը կրկին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել, նաև պահանջել է անվտանգություն Դամասկոս-Սուեյդա ճանապարհին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում