Թուրքիա

ՔԲԿ-ի բանտարկված առաջնորդ Օջալանը հայտարարել է Թուրքիայի դեմ զինված պայքարի ավարտի մասին

2 րոպեի ընթերցում

ՔԲԿ-ի բանտարկված առաջնորդ Օջալանը հայտարարել է Թուրքիայի դեմ զինված պայքարի ավարտի մասին

Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հուլիսի 9-ին տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով Թուրքիայի դեմ խմբավորման զինված պայքարի ավարտի մասին և կոչ անելով լիարժեք անցում կատարել ժողովրդավարական քաղաքականությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հունիս ամսով թվագրված տեսանյութում, որը տարածել է ՔԲԿ-ին մոտ կանգնած Firat News գործակալությունը, Օջալանը կոչ է արել Թուրքիայի խորհրդարանին ստեղծել հատուկ հանձնաժողով՝ զինաթափման գործընթացը վերահսկելու և ավելի լայն խաղաղության գործընթաց կազմակերպելու համար։

«Զինված պայքարի փուլն ավարտվել է։ Սա պարտություն չէ, այլ պատմական հաղթանակ։ Զինված պայքարի փուլն այժմ պետք է կամավոր կերպով փոխարինվի ժողովրդավարական քաղաքականության և օրենքի փուլով», - ասել է Օջալանը։

ՔԲԿ-ն, որը թուրքական պետության դեմ պայքարում էր չորս տասնամյակ և ահաբեկչական է ճանաչվել Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից, մայիսին որոշել է լուծարվել։ Դրան նախորդել էր փետրվարին Օջալանի արած գրավոր կոչը։

ՔԲԿ-ն իր պայքարը սկսել էր 1984 թվականին՝ նպատակ ունենալով ստեղծել անկախ քրդական պետություն։ Հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 40 000 մարդ։ 

1999 թվականին իր ձերբակալությունից հետո Օջալանն առաջին անգամ է հանդես գալիս տեսաուղերձով։ Տեսանյութում նրա կողքին կանգնած է ՔԲԿ-ի 6 այլ բանտարկված անդամ։

Օջալանը հայտնել է, որ ՔԲԿ-ի հիմնական նպատակին հաջողվել է հասնել, այն է՝ ճանաչվել է նրա գոյությունը։ 

«Մնացածն ավելորդ կրկնություն և փակուղի կլինի», - ասել է նա։

Թուրքիայի քրդամետ Դեմոկրատական կուսակցությունը, որը խորհրդարանում երրորդ խոշորագույն կուսակցությունն է և կարևոր դեր է խաղացել ՔԲԿ-ի զինաթափման որոշման գործում, Օջալանը կոչ է արել աշխատել այլ քաղաքական կուսակցությունների հետ՝ առաջ մղելու խաղաղության գործընթացը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում