Իրավունք

2 օրում բացահայտվել է ավազակության դեպքը. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

2 օրում բացահայտվել է ավազակության դեպքը. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2025 թվականի հունիսի 30-ին ավարտվել է հունիսի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հունիսի 12-ին Վանաձոր ուղևորվող 2 անձինք դանակի միջոցով բռնություն են գործադրել ճանապարհից իրենց միացած օտարազգի քաղաքացու նկատմամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում, քաղաքացիներին հաջողվել է իրագործել տուժողի դրամապանակի, բանկային քարտերի և վարորդական վկայականի հափշտակությունը:

Հունիսի 14-ին երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կատարված ավազակությունը):

Հունիսի 15-ին վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Հունիսի 30-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում