Իրավունք

Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. 2 անձ կալանավորվել է

2 րոպեի ընթերցում

Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. 2 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված պլանավորված և հետևողական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են վերջինիս և նրա անչափահաս երեխայի ուղղությամբ, ապա ատրճանակի սպառնալիքով պահանջել  են ոսկյա զարդեր և գումար, որից հետո Ք.Բ.-ն ննջասենյակից վերցրել և զարդատուփով նրանց է փոխանցել 7 հատ ոսկյա զարդ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությանն օժանդակելը), Գ.Մ.-ի նկատմամբ՝ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ 

Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ազատության մեջ գտնվող Գ.Մ.-ին հայտնաբերելու և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: 

Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տ.Ու-ի փաստաբան Ռ.Ե.-ն հավաք էր կազմակերպել ի պաշտպանություն իր պաշտպանյալի՝ ներկայացնելով, թե իբր Տ.Ու-ն հանիրավի էր կասկածվում ավազակային հարձակում կատարելու մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում