Տնտեսություն

ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման գործունեության դեպք. պետությանը պատճառվել է 63 մլն դրամի վնաս

3 րոպեի ընթերցում

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման գործունեության դեպք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ: 

«ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում իրականացվում է առանց համապատասխան թույլտվության  ընդերքօգտագործման գործունեություն։ Վարչության ոլորտային թիվ 5 բաժնի աշխատակիցների ձեռնարկած  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները հաստատվել են. Տեղ համայնքի վարչական տարածքում գործող կազմակերպությունն առանց ընդերքօգտագործման թույլտվության իրականացրել է օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ։ 

Հանքարդյունահանման իրական ծավալները պարզելու նպատակով ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ տվյալ տարածքից տեղահանվել է շուրջ 6.8 խորանարդ մետր ծավալով հրաբխային խարամանման լեռնային զանգված և մոտ 65.5 խորանարդ մետր ծավալով բազալտանման լեռնային զանգված։ Ծավալված այս գործունեության հետևանքով դեգրադացվել է 6.210  քառակուսի մետր մակերեսով տարածք»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ ընդերքօգտագործման ապօրինի այս գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 63 միլիոն ՀՀ դրամի վնաս։

Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու փաստի մասով կազմվել է արձանագրություն, հարուցվել է վարչական վարույթ: Արձանագրությունը և կից նյութերն ուղարկվել են ՊԵԿ Իրավաբանական վարչություն: 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում կազմված նյութերի հիմքով, առերևույթ հանցագործության հատկանիշներով, հաղորդում է ներկայացվել նաև ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։ 

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին խստորեն հետևել օրենքի պահանջներին և զերծ մնալ ընդերքի կամ բնական պաշարների օգտագործումից՝ առանց համապատասխան թույլտվության կամ լիցենզիայի:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մանրամասները` տեսանյութում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում