Իրան

Իրանը կարող է արագ վերականգնել իսրայելական և ամերիկյան ռմբակոծությունների վնասները. Արաղչի

3 րոպեի ընթերցում

Իրանը կարող է արագ վերականգնել իսրայելական և ամերիկյան ռմբակոծությունների վնասները. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին որպես ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայման է նշել Վաշինգտոնի կողմից ռազմական սպառնալիքների դադարեցումը, նաև հավելել՝ Իրանը կարող է վերականգնել միջուկային օբյեկտներին հասցված վնասները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

«Բանակցությունները վերսկսելու որոշում կայացնելու համար մենք նախ պետք է համոզվենք, որ Վաշինգտոնը կրկին չի վերադառնա բանակցությունների ընթացքում մեզ վրա ռազմական հարձակում իրականացնելուն», - ասել է նա՝ հավելելով, որ Իրանին ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ։

«Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի», - ասել է Արաղչին՝ պատասխանելով ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների վերաբերյալ լրագրողի հարցին։

Արաղչին նաև մեկնաբանել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի այն հայտարարությունը, որ Իրանը կարող է մի քանի ամսվա ընթացքում վերսկսել իր միջուկային ծրագիրը։

«Ռմբակոծությունների միջոցով հնարավոր չէ ոչնչացնել հարստացման վերաբերյալ գիտելիքները և տեխնոլոգիաները։ Եթե մեր կողմից լինի կամք, իսկ այդ կամքը գոյություն ունի՝ ևս մեկ անգամ առաջընթաց գրանցելու այս արդյունաբերության մեջ, մենք կարող ենք արագորեն վերականգնել վնասները և լրացնել բաց թողած ժամանակը», - ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Նա նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ Իրանը կրկին ռմբակոծելու մասին, եթե երկիրը կրկին սկսի հարստացնել ուրանը։

«12-օրյա պարտադրված պատերազմի ընթացքում մենք ցույց տվեցինք և ապացուցեցինք, որ կարող ենք պաշտպանվել, և կշարունակենք դա անել ցանկացած ագրեսիայի դեպքում», - ասել է Արաղչին։

Հունիսի 13-ին Իսրայելը հարվածներ էր հասցրել Իրանին՝ հայտարարելով, թե թիրախավորում է Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերը։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ էր հասցնում Իսրայելին։ Իսրայելական հարվածներից մի քանի օր անց ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվեց հակամարտության մեջ՝ ռմբակոծելով Իրանի երեք միջուկային օբյեկտները։ Ի պատասխան՝ Իրանը հարվածեց Կատարում ամերիկյան ռազմակայանին։ Հունիսի 24-ին կողմերի միջև հրադադար հայտարարվեց։ Իրանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 930-ը, Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից շուրջ 30 զոհի մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում