Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցությունը միանում է Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

3 րոպեի ընթերցում

«Հայաստան» խմբակցությունը միանում է Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը

«Հայաստան» խմբակցությունը միանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, ինչպես նաև փաստը, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածությամբ անվստահություն գործընթաց նախաձեռնելու մասին, «Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 պատգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը»,-նշել է Խամոյանը։

Ավելի վաղ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկել էր նոր անվստահության գործընթաց սկսել՝ վարչապետի պաշտոնում առաջադրելով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Նա հայտնել էր, որ այս հարցով քննարկում է ունեցել անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ, որոնք նախկինում վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության շրջանակում առաջադրել էին հենց Մարուքյանի թեկնածությունը։ Մարուքյանը նշել էր, որ պատրաստ է հրաժարվել իր թեկնածությունից՝ հանուն ընդդիմության համախմբման և Միքայել Աջապահյանի թեկնածության առաջադրման։

Մարուքյանն առաջարկել էր օրակարգ բերել հարցը և սահմանադրական ճանապարհով իրականացնել իշխանափոխություն, ինչպես նաև կոչ էր արել բոլոր ընդդիմադիր և իշխանական պատգամավորներին միանալ նախաձեռնությանը։

Ավելի վաղ, Աղազարյանն ու Ասլանյանը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց էին նախաձեռնել Մարուքյանի թեկնածությամբ, սակայն այն չէր հաջողվել՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների չմիանալու պատճառով։ Նույն ժամանակահատվածում «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր վարչապետի թեկնածու առաջադրելու իր նախաձեռնության մասին՝ այս դեպքում առաջարկելով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։

Խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար պահանջվում է նվազագույնը 36 պատգամավորի ստորագրություն։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 34 մանդատ, իսկ գործընթացի հաջող ընթացքի համար անհրաժեշտ է առնվազն ևս երկու պատգամավորի աջակցություն։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում