Իրանում հայտնել են երկրի միջուկային օբյեկտներին հասցված լուրջ վնասի մասին
1 րոպեի ընթերցում

Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Այո, մեր միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են»,- հունիսի 25-ին հայտնել է նա։
Իրանի միջուկային օբյեկտների, մասնավորապես, ամենապաշտպանվածը համարվող Ֆորդոյի վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը երբեք չի վերականգնի իր միջուկային օբյեկտները։ Նրա խոսքով՝ հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ-ի հասցրած հարվածները հանգեցրել են Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում իրանական միջուկային օբյեկտների լիակատար ոչնչացմանը։
Հունիսի 24-ի գիշերը Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հաստատման մասին։ Դա հետագայում հաստատեցին նաև հակամարտող կողմերը։