Մշակույթ

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։

Գուժ Մանուկյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 6-ին Լենինականում։ 1958-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։  1958-1959 թվականներին՝ Կապանի դրամատիկական, 1959-1967 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1967-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնների դերասան է եղել։

Կերտած լավագույն կերպարներից են՝ Միտրոֆան (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարո («Անուշ», ըստ  Հովհաննես Թումանյանի), Պյոտր (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմ (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշև (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը», ՀՀ պետական մրցանակ՝ 1981), Ալֆրեդ (Բեռնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»)։

Կինոյում նկարահանվել է 1964-ից։ Դերերից են՝ Մարսելին («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, հեռուստատեսային կինոնկար), Արմեն («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան), Գայ («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մռլիք-Ավագյան)։

Գուժ Մանուկյանի դերակատարումներին բնորոշ են հոգեբանական խնդիրների պարզ, համոզիչ լուծումները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում