Մարզեր

Ներքին Գետաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները դարձել են միջազգային մրցույթ-ցուցահանդեսի մրցանակակիրներ

2 րոպեի ընթերցում

Ներքին Գետաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները դարձել են միջազգային մրցույթ-ցուցահանդեսի  մրցանակակիրներ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի նկարիչների միությունում տեղի են ունեցել «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

Մրցույթ-ցուցահանդեսը միավորել է Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների՝ Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ուզբեկստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իսպանիայի և Ավստրիայի ավելի քան 1500 շնորհալի երեխաների՝ երկու տարիքային խմբերում (մինչև 10 և 10–15 տարեկան), որոնք իրենց արվեստով փոխանցել են խաղաղության, համերաշխության և մարդասիրության կարևորագույն արժեքները։

Մարտունի համայնքի Ներքին Գետաշենի Ա.Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի հինգ աշակերտ անցել է մրցույթի եզրափակիչ փուլ: Նրանցից երկուսը նվաճել է պատվավոր հորիզոնականներ։ Ավագ խմբի առաջին մրցանակին արժանացել է Անգելինա Նավոյանը,իսկ կրտսեր խմբի երկրորդ մրցանակին՝ Արսինե Աբելյանը։ 

Նույն դպրոցի սաներ Ելենա Բարսեղյանը, Մարկ Հակոբյանը և Ալյոնա Գրիգորյանը  ստացել են պատվոգրեր և գրքեր։ Նրանք  նույն դպրոցի ուսուցչուհի, նկարիչ Նեկտար Սահակյանի ղեկավարած նկարչական խմբակի սաներն են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում