Գավառում անցկացվել է արհեստների փառատոն
2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվող «Արհեստների միջազգային փառատոնը» որը յուրաքանչյուր տարի անց է կացվում Հայաստանի մարզերից մեկում, այս տարի ժողովրդական արհեստագործության ոլորտի լավագույն վարպետներին համախմբել էր Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառումն անցկացվել է «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրի ներքո։
Փառատոնին պաշտոնական բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը և Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։
Փառատոնն իրականացվել է է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից, միջոցառումները ներառել են հայ և օտարազգի վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ավանդական համեղ ուտեստներ, խոհարարական մրցույթներ, լարախաղացի ներկայացումներ, ֆոտոանկյուն, ավանդական երգ ու պար, թաղիքե գորգի ստեղծում, ավանդական խաղեր, թանգարանային ցուցադրություններ, վարպետության դասեր, ինչպես նաև համերգներ։
Փառատոնի առաջին օրը հյուրերին գեղագիտական հաճույք են պարգևել «Ethno Colors» երաժշտական խմբի անդամները, իսկ երկրորդ օրը կայացել է «Գամմա» բենդի համերգը։