Բացվեց և վերաօծվեց Ակունք գյուղի Սուրբ Մեսրոպ եկեղեցին
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում, ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի եւ աղոթակցությամբ թեմի հոգեւոր դասի, վերաօծվեց եւ բացվեց Սուրբ Մեսրոպ եկեղեցին։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ եկեղեցու վերաօծման եւ բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գեղարքունիքի մարզպետի եւ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, Վարդենիս համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, պաշտոնական այլ անձինք, Ակունքի և հարակից բնակավայրերի բնակիչներ։
Ակունքի վարչական ղեկավար Նիկոլա Խաչատրյանի, համայնքի նախկին ղեկավար Արծրուն Ղարիբյանի,Արթուր եւ Արա Թադևոսյան եղբայրների, մյուս ակունքցիների ներդրած միջոցների ու գործադրած ջանքերի շնորհիվ շուրջ 90 տարի անց կրկին ղողանջեցին նորակառույց զանգակատան զանգերը։ Կատարվեց նաև կնունքի եւ մատաղի արարողություն։
Հոգևոր երգերի կատարմամբ հանդես եկան Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախմբի սաները։
Գեղարքունյաց թեմի առաջնորդի հավաստմամբ՝ Ակունքի Սուրբ Մեսրոպ վերաօծված եկեղեցին դարձավ 35-րդ հավատի տունը, որը Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր Գեղարքունյաց թեմում հավատավորների առջև բացեց իր դռները։
Ակունքի Սուրբ Մեսրոպ եկեղեցին կառուցվել է 15-17-րդ դարերի ընթացքում, գործել է մինչեւ 1930-ական թվականները։ Խորհրդային տարիներին այն վերածվել է կոլխոզի պահեստի, ապա ժամանակի ընթացքում դարձել լքված շինություն։