Հայ-իրանական մաքսակետում իրավիճակը կառավարելի է, Իրանից դիմող փախստականներ այս պահի դրությամբ չկան. Մեղրու համայնքապետ
1 րոպեի ընթերցում

Իրան-Իսրայել հակամարտության շարունակվող լարվածության ֆոնին Իրանից Հայաստան եկող քաղաքացիների շարժը կառավարելի է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։
«Երեք օր է՝ Իրանից շարժ կա դեպի Հայաստան, բայց իրավիճակը կառավարելի է։ Ես անձամբ ներկա եմ գտնվել մաքսատանը, զրուցել եմ բնակիչների և տեղափոխվող մարդկանց հետ։ Մաքսատունը նորմալ աշխատում է, խցանումներ չկան, ամեն ինչ ընթանում է բնական հունով։ Բեռնատարները, տուրիստական խմբերը շարժվում են իրենց հերթականությամբ»,- նշեց Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ վերջին օրերին հոսք նկատվում է դեպի Մեղրիի և Ագարակի հյուրանոցներ, սակայն պատճառը ոչ թե Իրանից ժամանած անձինք են, այլ զբոսաշրջիկներ՝ Երևանից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից։
«Հյուրանոցներում որոշ օրեր հնարավոր է տեղ չլինի, բայց դա պայմանավորված է զբոսաշրջային ակտիվությամբ։ Իրանից եկած քաղաքացիների դիմումներ մեզ դեռ չեն եղել, բայց եթե դիմեն՝ կլինեն նրանք Իրանի քաղաքացիներ, թե իրանահայեր, մենք պատրաստ ենք աջակցել»,- հավելեց համայնքապետը։
Անդրեասյանը նաև ընդգծեց, որ տաքսու վարորդների հետ հանդիպել և հորդորել է չբարձրացնել գները՝ օգտվելով իրավիճակից։
Տեսանյութը տրամադրել է Սյունիք TV-ն