Բիզնեսում մարդու իրավունքների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է
8 րոպեի ընթերցում

Երևանում կայացավ «Բիզնես և մարդու իրավունքներ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» թեմայով միջազգային համաժողովը, որին մասնակցեցին Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչներ, քաղհասարակության կազմակերպություններ, ՀՀ-ում տեղակայված դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ԵԽ աջակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր խոսքում նշեց, որ միջոցառումն առնչվում է այնպիսի թեմայի, որը ցավալիորեն հաճախակի չի քննարկվում թե՛ իրավունքների հետ կապված հարցադրումները քննարկման առարկա դարձնելու, թե՛ ընդհանրապես գործարարության ոլորտում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և գործարարության ոլորտում մարդու իրավունքների երաշխավորման անհրաժեշտության տեսանկյունից։
«Այս համաժողովն իսկապես մեծ կարևորություն է ներկայացնում՝ հարցադրումները լայն քննարկման և համընդհանուր հետաքրքրության առարկա դարձնելու առումով։ Շատ կարևոր է, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը կարողանան ձևավորել մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի կառուցողական քննարկում ծավալել այս խնդիրների առնչությամբ, ընդ որում՝ ոչ միայն պետական մարմինների, այլև ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ, ինչը թույլ կտա բոլորի ձայնը լսել տվյալ ոլորտում։ Երկրորդ կարևոր գործոնն այն է, որ մենք շատ դեպքերում քիչ ենք խոսում գործարարության բնագավառում մարդու իրավունքների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք դրսևորելու կարևորության մասին, ուստի այս հարցերը ևս պետք է մշտապես լինեն մեր ուշադրության առանցքում»,- ասաց Մանասյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի պնդմամբ՝ գործարարության ոլորտում աշխատողների իրավունքների, տարբեր ոլորտներում հակախտրականության և իրավահավասարության երաշխավորման, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի հարցերը, բնականաբար, պետք է առաջնահերթ դերակատարում ունենան։
«Երրորդ գործնն էլ այն է, որ պետությունը նույնպես պետք է կարողանա ձևավորել պատշաճ միջավայր նաև գործարարության ոլորտում գործունեություն իրականացնող անձանց համար՝ իրենց աշխատանքները ոլորտին առնչվող չափանիշներին համապատասխան իրականացնելու դիտանկյունից։ Այդ առումով կարևոր է նաև, որպեսզի բիզնես գործունեություն իրականացնող անձանց և նրանց ոլորտի հետ կապված Հ/Կ-ների ձայնը լսելի լինի։ Շնորհակալ ենք ԵԽ գործընկերներին տվյալ հարցերը համատեղ կարևորելու և անհրաժեշտ հարթակ ստեղծելու գործում համատեղ հանձնառություն ստանձնելու համար»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը։
Մանասյանը հավելեց, որ միջազգային գործերների հետ քննարկումների ժամանակ փորձ է արվում ոլորտը կատարելագործել։ Նա առանցքային համարեց նաև ՀԿ-ների հետ պատշաճ աշխատանքը, որովհետև նրանք նույնպես պետք է ունենան հնարավորություն՝ կառուցողական մակարդակով մասնակցելու բոլոր քննարկումներին։ Մանասյանի դիտարկմամբ՝ ոլորտում խնդիրները բազմաթիվ են, հետևաբար իրենք պետք է ստանձնեն շատ կարևոր հանձնառություն՝ առկա խնդիրները քննարկման առարկա դարձնելու և դրանց համատեղ լուծումներ գտնելու համար։
ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուղերձը։
«Այս համաժողովը կարևոր, թերևս, նաև եզակի հարթակ է՝ քննարկելու ներկայիս մարտահրավերները, փոխանակելու լավագույն փորձը և նախանշելու շահագրգիռ կողմերի միջև համագործակցության հնարավորություններն՝ ուղղված գործարար միջավայրի բարելավմանը, պատասխանատու բիզնես գործելակերպի խթանմանը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի զարգացմանը։ Այս համատեքստում մենք լրջագույնս հանձնառու ենք աջակցելու ու երաշխավորելու ՄԻՊ-ի անկախ ու արդյունավետ գործունեությունը «բիզնես-մարդու իրավունքների պաշտպանություն» գործընթացում։ Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմաբնույթ մարտահրավերների առջև, Հայաստանը հստակորեն ընդգծում է իր առաջնահերթությունները՝ ձևավորելու այնպիսի միջավայր, որտեղ բիզնեսը կարող է զարգանալ՝ հենվելով իրավական անվտանգության, արդարության և թափանցիկության սկզբունքների վրա։ Դա արտահայտվում է կոնկրետ քայլերով, մասնավորապես հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում ներդրումային վեճերի կարգավորման արդար մեխանիզմների ներդրմամբ, ինչպես նաև գործարարների օրինական շահերի նկատմամբ համակարգային հարգանքով։ Պետությունն իր հստակ հանձառությունն է արտահայտում՝ խթանելու պատասխանատու բիզնես գործելակերպը՝ որպես ժամանակակից տնտեսության և կայուն զարգացման հենասյուն։ Մենք հավատարիմ ենք այն սկզբունքին, որ տնտեսական առաջընթացը պետք է քայլի մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության հետ, սոցիալական պատասխանատվության բարձր չափանիշների և շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից վերաբերմունքին համահունչ։ Պատասխանատու գործարարությունը պետության համար նշանակում է ոչ միայն տնտեսական արդյունք, այլև ներդրում մարդու արժանապատվության, աշխատողի բարեկեցության և բնության պահպանության մեջ։ Կառավարությունը շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանի ներդրումային միջավայրը լինի կանխատեսելի, մրցակցային և համահունչ միջազգային ընդունելի գործելակերպին։ Հայաստանի կառավարությունը պաշտպանելու է յուրաքանչյուր ներդրողի իրավունքը Հայաստանում գործելու ազատ, արդար և թափանցիկ պայմաններում» ։
Համաժողովի պատելային քննարկումների մասնակիցներն անդրադարձան մարդու իրավունքների բնապահպանական հարցերի և բիզնես գործունեության փոխկապակցվածությանը՝ Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված գործիքակազմի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների համատեքստում։ Քննարկվեցին միջազգային ներդրումների, բիզնես իրավունքի և պետությունների դերի հետ կապված հարցերը՝ պատասխանատու բիզնես վարքագծի խթանման ու արդար մրցակցային միջավայրի պահպանման համատեքստում։
Հատուկ ընդգծվեց ՄԱԿ-ի Բիզնես և մարդու իրավունքների ուղեցույցի սկզբունքների կիրառումը ազգային համատեքստում՝ համաձայն Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնարարականի, ինչը խրախուսում է անդամ պետությունների կողմից իրենց օրենսդրությունների ու քաղաքականությունների վերանայումը՝ դրանք այդ սկզբունքներին համապատասխանեցնելու համար՝ ներառյալ Ազգային գործողությունների ծրագրերի մշակումն ու իրականացումը։ Միջազգային բանախոսները ներկայացրին Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների լավագույն փորձը տվյալ գործընթացում՝ անդրադառնալով նաև մարտահրավերներին։