Միասին կարող ենք ստեղծել մի միջավայր, որտեղ մշակույթի ոլորտի գործիչները կարող են ծավալել ինքնաբավ գործունեություն. Վասիլիս Մարագոս
5 րոպեի ընթերցում

Մշակույթը, կրթությունն ու գիտությունը փոխկապակցված են և այդ ոլորտներում Եվրամիությունը Հայաստանի հետ ծավալում է շատ սերտ համագործակցություն, բայցևայնպես այդ գործընթացում առանցքային դերակատարում ունի հատկապես ԿԳՄՍ նախարարությունը, իսկ ԵՄ-ն, որպես գործընկեր, աջակցում է հավակնոտ ծրագրերի իրականացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության համատեղ կազմակերպված «Մշակույթի հարցերով քաղաքականության շուրջ» խորագրով աշխատաժողովում հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Այս միջոցառմամբ մեկնարկում է մշակույթի ոլորտում համագործակցության նոր հարթակի ձևավորումը։ Մշակույթը բոլոր ազգերի ինքնության սրտում է, բայց միաժամանակ այն նշանակալից դերակատարություն ունի սոցիալական միաբանության և տնտեսական զարգացման առումով։ Միասին մենք կարող ենք ստեղծել մի միջավայր, որտեղ մշակույթի ոլորտի գործիչները, արժեք ստեղծող դերակատարները կարող են ծավալել ինքնաբավ գործունեություն։ Պետական կառույցներն, անշուշտ, կմասնակցեն այդ գործընթացին, կմշակեն քաղաքականություն և կիրականացնեն բարեփոխումներ, բայց պետք է լինեն նաև թիրախավորված ֆինանսական աջակցության նախաձեռնություններ, որոնք անհրաժեշտ է զուգահեռաբար իրականացնել»,- ասաց Մարագոսը։
Մշակութային հարաբերությունները Եվրամիության և Հայաստանի միջև զգալիորեն աճել են վերջին մի քանի տարվա ընթացքում, հայկական կողմը մասնակցում է նաև «Ստեղծարար Եվրոպա» նախաձեռնությանը՝ ներկայացնելով բավականին հավակնոտ հայտ նաև այդ նախաձեռնության մեդիա բաղադրիչին միանալու համար, ինչը ստեղծելու է նոր, էական հնարավորություններ։
«Մենք նույնպես աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մշակութային հարաբերությունների զարգացումը դիտարկում ենք որպես հենասյունային գործոն, առանց որի մշակույթը չէր զարգանա այսքան հավակնոտ քայլերով։ Գործընկերության նոր օրակարգի վերաբերյալ շուտով բարձր ներկայացուցիչ Կալլասը կայցելի Հայաստան, և կհայտարարվի բանակցային գործընթացի ավարտի մասին։ Նշված օրակարգն ու դիմակայունության բարձրացման ծրագիրը նշանակալից հնարավորություններ կստեղծեն հետագա համագործակցության համար ոչ միայն տնտեսության, այլև մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Մենք մշակույթի ոլորտին ցուցաբերել ենք աջակցություն, կշարունակենք դա անել նաև ապագայում»,- ասաց Մարագոսը։
Նա հիշատակեց «Կատապուլտ» ծրագիրը, որի շրջանակում իրականացվել են մեծ ու փոքր գործողություններ, բայց միաժամանակ իրականացվել է մեծածավալ աշխատանք բարեփոխումների տեսքով։
«Մասնավորապես քննարկել ենք, թե ինչպես կարելի է մտավոր սեփականության իրավունքները պաշտպանել Հայաստանում, ինչը առանցքային գործոն է ընդլայնված համաձայնագրի համատեքստում։ Ամեն ինչ փոխկապակցված է, բայց ներդրումային պլանների հետևում նախևառաջ մարդիկ են, ովքեր ստեղծագործում են, ստեղծարար մտքով արտադրանք են տալիս։ Հայկական ոգին մեծապես կապված է մշակույթի, ձեռնարկատիրական ջիղի հետ։ Սա հիմնական առավելությունն է, որ Հայաստանը դարձնում է ավելի բարգավաճող երկիր՝ հիմք ստեղծելով արգասաբեր համագործակցության համար»,- ասաց Մարագոսը։
ԵՄ պատվիրակության ղեկավարը հավելեց, որ բոլոր ծրագրերն էլ հաջողությամբ են պսակվել, որովհետև դրանց նկատմամբ ցուցաբերվել է հոգատար վերաբերմունք, արվել են բավականին որակյալ առաջարկներ, հետևաբար գործընկերությունը, ֆինանսավորումից զատ, ստեղծել է մարդկանց բավականին կենսունակ ցանց, ովքեր գիտեն, թե ինչ պետք է անեն՝ հստակ պատկերացնելով հաջորդ քայլերը։
«Անցյալ տարի հաստատեցինք մշակութային զարգացման ճանապարհային քարտեզը, որի առթիվ ստացել էինք բազմաթիվ դիտարկումներ։ Ճանապարհային քարտեզը հաստատվել է ԿԳՄՍ նախարարության ու ԵՄ-ի կողմից։ Այն հենքն է մեր փոխգործակցության։ Եվրոպան միայն Բրյուսելում տեղակայված կառույցները չեն, այլ բոլոր քաղաքացիներն են, դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչները, որոնք կազմում են միասնական թիմ։ Այդ թիմի անդամ կարող եք դիտարկվել նաև դուք, որովհետև Եվրոպան նաև փոխգործակցություն է։ Վերջերս ԵՄ անդամ երկրների հետ նախաձեռնել ենք «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը նաև մշակույթի ոլորտում, որի առանցքում լինելու են մշակութային ազգային ինստիտուտներն ու դեսպանատները, որոնք նպաստում են նոր, ընդլայնված համագործակցությանը»,- ասաց դիվանագետը։
Մարագոսը շեշտեց, որ համագործակցության միջոցով հնարավոր է ապահովել կայուն մշակութային զարգացում՝ լրացուցիչ հնարավորություններ ստեղծելով շահագրգիռ բոլոր կողմերի համար։