Ճամբարակում պայթյունի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված տղամարդը մահացել է
2 րոպեի ընթերցում

Երեկ Ճամբարակի պայթյունի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի` 69-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել: Հունիսի 12-ին հիվանդանոցում նա մահացել է:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը, մեկտեղ նշելով, որ Երևանի ԲԿ տեղափոխված մյուս երկու տուժածների վիճակը միջին ծանրության է: Վերջիններս շարունակում են գտնվել բժիշկների հսկողության տակ:
«Ճամբարակում հոսպիտալացված 7 տուժածներից 3-ն առավոտյան դուրս են գրվել, 4-ը շարունակում են գտնվել բժիշկների հսկողության տակ: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- մանրամասնեց խոսնակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության:
Հունիսի 11-ին առավոտյան Ճամբարակի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզմամբ: Փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։ Աղետի հետևանքով մահացել էր 5 մարդ, հոսպիտալացվել էր 11 անձ, որոնցից 3-ին տեղափոխել էին մայրաքաղաքի բուժհաստատություններ:
Պայթյունի պատճառը, նախնական տվյալներով, գազի արտահոսքն է: