Հայաստան

Դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Մալթայի ԱԳ նախարարին

2 րոպեի ընթերցում

Դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Մալթայի ԱԳ նախարարին

Իտալիայում և համատեղության կարգով Սան Մարինոյում ու Մալթայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարապետյանը հունիսի 10-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Մալթայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իտալիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ շնորհավորելով դեսպանին Մալթայի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ փոխվարչապետ Իեն Բորջը հաջողություն է մաղթել դեսպան Կարապետյանին՝ վստահություն հայտնելով, որ նրա գործունեությունը նոր լիցք և բովանդակություն կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ 

Դեսպան Վլադիմիր Կարապետյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարի մաղթանքների համար, հավաստիացրել է, որ ձգտելու է անել առավելագույնը՝ նոր մակարդակի հասցնելու ՀՀ-ՄՀ քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և մի շարք այլ բնագավառներում։ 

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգային, ինչպես նաև միջազգային հարթակներում հայ-մալթայական փոխգործակցության հարցերին: Մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում