Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. Հակակոռուպցիոն կոմիտե
2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Սպիտակի բաժնի պետի տեղակալը, իր ծառայողական լիազորություններն անցնելով, զբաղեցրած պաշտոնով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև իր ծանոթ անձին նախկինում ցուցաբերած օգնության հանգամանքն օգտագործելով, համոզել է վերջինիս՝ նրա ինքնությունը գաղտնի պահելու պայմանով, իր կողմից որոշած կեղծ բովանդակությամբ տվյալներ հայտնել քրեական վարույթն իրականացնող մարմնին, հետագայում նաև՝ դատարանին, որի արդյունքում նշված անձը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, մանրամասնելով, որ նշված պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով էական վնաս է պատճառվել նաև ՀՀ քաղաքացիների իրավունքներին, այն է՝ պաշտոնյայի ուղղորդմամբ տված սուտ ցուցմունքի հիման վրա դատարանի որոշմամբ քաղաքացիների բնակարաններում և օժանդակ շինություններում կատարվել են խուզարկություններ, ինչի հետևանքով խախտվել է ՀՀ սահմանադրությամբ նախատեսված բնակարանի անձեռնմխելիության իրավունքը։
Պաշտոնեական լիազորություններն անցնելու համար վերը նշված պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: