Իրավունք

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը

2 րոպեի ընթերցում

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 106 մլն 867 հզր դրամը

Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Խ.Պ.-ն, հանդիսանալով մի շարք ընկերությունների ղեկավար, Ա.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ ներդրել է առևտրային ծրագիր՝ նպատակ ունենալով թաքցնել տնտեսվարողների վաճառքների իրական ծավալները և ստացած եկամուտները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ ընկերության շրջանառությունը հարկային մարմին ուղարկվող հաշվետվություններում պակաս է ներկայացվել, առևտրային ծրագրի միջոցով գործարքները ձևակերպելիս դրանց մի մասի վերաբերյալ տեղեկությունը չի ուղարկվել հսկիչ դրամարկղային մեքենա ու դուրս չեն գրվել հարկային հաշիվներ, իսկ իրական վաճառքների վերաբերյալ տեղեկատվությունը կուտակվել է տան նկուղային հարկում թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգում։

Այսպիսով, Խ.Պ.-ն թաքցնելով տնտեսվարողների իրական շրջանառությունը՝ 2016-2023 թվականների ընթացքում իրականացված հարկային գործարքների տարեկան հաշիվներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերով` 2 մլրդ 99 մլն 331 հզր 606 ՀՀ դրամ հարկեր վճարելուց:   

Խ.Պ.-ի և Ա.Պ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 106 մլն 867 հզր 296 ՀՀ դրամ, արգելանք է դրվել Խ.Պ.-ին և Ա.Պ.-ին պատկանող շարժական և անշարժ գույքերի, բանկային հաշիվների վրա:

Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում