Իրավունք

Տնային կալանքի տակ գտնվող անձանց համար հեռավար կարգով աշխատելու հնարավորություն է սահմանվում

2 րոպեի ընթերցում

Տնային կալանքի տակ գտնվող անձանց համար հեռավար կարգով աշխատելու հնարավորություն է սահմանվում

Տնային կալանքի տակ գտնվող անձը կարող է գործատուի համաձայնությամբ կատարել իր աշխատանքային պարտականությունները, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը:  

Նախագծով սահմանվում են անձի նկատմամբ տնային կալանքի կիրառման դեպքում ծագող իրավական հարաբերությունները աշխատանքային հարաբերությունների ընթացքում: 

«Նախագծով առաջարկվում է սահմանել՝ երբ դատարանի որոշմամբ աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի համար չեն սահմանվում Քրեական դատավարության համապատասխան հոդվածով նախատեսված աշխատանքի կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ, վերջինս կարող է բնակության տարածքից կատարել իր աշխատանքային պարտականությունները գործատուի համաձայնությամբ, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով: Մյուս բոլոր դեպքերում, երբ անձի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումներն անհամատեղելի են աշխատանքի կատարման հետ, տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչև այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելը, աշխատողի լիազորությունները համարվում են կասեցված»,–ասաց փոխնախարարը:

Նախատեսվում է, որ տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, իսկ աշխատողի լիազորությունները գործատուի համաձայնությամբ չկասեցվելու դեպքում պահպանվում է նաև վարձատրությունն ամբողջությամբ: Տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի լիազորությունները կասեցված համարվելու դեպքում աշխատողի վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձի վարձատրությունը չի պահպանվում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում