Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնն Անապայում հանդես է եկել Ստեփան Զորյանի պատմվածքի հիման վրա բեմադրված «Ցանկապատ» ներկայացմամբ
2 րոպեի ընթերցում

Վանաձորի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը մայիսի 22-ից 25-ը հյուրախաղերով Ռուսաստանի Անապա քաղաքում էր՝ քաղաքի հայ համայնքի (նախագահ՝ Ռուսլան Կագրամանյան, մշակույթի և կրթության ղեկավար, Տիգրան Ավդալյանի անվան «Մուշ» արվեստի կենտրոնի տնօրեն Կարինե Փիլոյան) հրավերով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացվեց Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված «Ցանկապատ» ներկայացումը. բեմադրությունը Հերիքնազ Բաղդասարյանի։
Ներկայացումից առաջ բացման խոսքով հանդես եկավ «Մուշ» արվեստի կենտրոնի տնօրեն Կարինե Փիլոյանը, ով ներկայացրեց «Բոհեմ» թատրոնը ռուսաստանաբնակ հայ հանդիսատեսին։ Տերունական աղոթք հնչեցրեց Հայկաձորի Սուրբ Գևորգ եկեղեցու քահանա Տեր Թադևոսը։
Ներկայացումը արժանացավ բարձր ընդունելության և բուռն ծափողջույնների։ Հանդիսատեսը տպավորված էր դերասանների խաղով, նյութի արդիականությամբ և մեծ շնորհակալություն հայտնեց Վանաձորին՝ Անապայում հյուրընկալվելու համար։ Հանդիսատես էր ժամանել ոչ միայն Անապայից, այլև երկրի տարբեր քաղաքներից։
«Բոհեմ» կամերային թատրոնի տնօրեն Հերիքնազ Բաղդասարյանը Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի անունից, և թատրոնի անունից փոխանցեց շնորհակալագրեր Անապայի հայ համայնքին։
1992 թվականին Հայաստանից Անապա է տարվել առաջին խաչքարը, որից հետո Անապայում կառուցվեց Սուրբ Գևորգ եկեղեցին։ Ամեն տարի, մայիսին Անապայում մեծ շուքով է նշվում խաչքարի տոնը, որը վաղուց քաղաքային տոների շարքում է։ «Բոհեմ» կամերային թատրոնը հենց այս տոնի շրջանակներում է հրավիրվել Անապա։