Գյումրիում իրականացվում է բացօթյա կինոթատրոնի ստեղծման նախագիծ
3 րոպեի ընթերցում

«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գյումրիում իրականացվում է «Բացօթյա կինոթատրոն» ենթածրագիրը՝ Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հետ համագործակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի նպատակն է բացօթյա կինոթատրոնի ստեղծման և կանաչ գոտու բարեկարգման միջոցով ձևավորել մշակութային բացօթյա հարթակ, որը կխթանի ոչ միայն ուսանողների ոչ ֆորմալ կրթությունը և կբացահայտի ստեղծագործական նոր ներուժ, այլև կնպաստի Գյումրիում ազատ ժամանցի, էկոլոգիապես մաքուր և կանաչ միջավայրի ձևավորմանը։
«Բացօթյա կինոթատրոնի և կանաչ գոտու շնորհիվ ձևավորվող մշակութային հարթակը նպաստելու է ինչպես ուսանողների կրթական և ստեղծագործական աճին, այնպես էլ քաղաքի բնակիչների ու հյուրերի՝ որակյալ ժամանցի կազմակերպման հնարավորություններին»,-«Արմենպրես»-ին ասաց ենթածրագրի պատասխանատու Ամալյա Թումասյանը։
Նա նաև ընդգծեց, որ տարածքի ընտրությունն իրականացվել է նպատակային. Գյումրու Արվեստների ակադեմիայի շենքում տեղակայված են երեք բուհեր՝ Գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի պետական կոնսերվատորիայի, Թատրոնի և կինոյի ինստիտուտի Գյումրու մասնաճյուղերը, որտեղ սովորում է ավելի քան 500 ուսանող։ «Սա կարող է դառնալ համատեղ նախաձեռնությունների մեկնարկ։ Նմանատիպ ծրագրերը կմոտիվացնեն երիտասարդներին ստեղծագործել և համագործակցել՝ միաժամանակ նպաստելով Գյումրիում մշակութային տուրիզմի զարգացմանը»,- հավելեց Թումասյանը։
Տարածքն արդեն մաքրվել է շինարարական աղբից, բարեկարգվել և գազոնապատվել է։ Այն ծառայելու է ոչ միայն կինոդիտումների, այլև ոչ ֆորմալ դասընթացների, ներկայացումների ու ժամանցի այլ ձևաչափերի համար։ Կինոդիտման համար նախատեսված պրոյեկտորը շարժական է, ինչը թույլ կտա այն օգտագործել թե՛ բացօթյա, թե՛ շենքի ներսում անցկացվող ցուցադրությունների ժամանակ։
«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։ Այն ուղղված է տեղական տնտեսական զարգացման խթանմանը՝ համայնքային կառավարման կարողությունների հզորացման և տեղական նախաձեռնությունների ֆինանսավորման միջոցով։