Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ից ժամանած կամավորները 2 տարի կապրեն ՀՀ մարզերում, կօգնեն երեխաներին և երիտասարդներին

4 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ից ժամանած կամավորները 2 տարի կապրեն ՀՀ մարզերում, կօգնեն երեխաներին և երիտասարդներին

Հայաստանի տարբեր համայնքներում 2025 թվականին հյուրընկալվել է 18 կամավոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից՝ նշելով, որ Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը մայիսի 22-ին մասնակցել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի A30 կամավորների խմբի երդման արարողությանը և վարել նրանց երդման կարգը։ 

Կամավորները հաջողությամբ ավարտել են հայոց լեզվի և մշակույթի 11-շաբաթյա ինտենսիվ դասընթացը և շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ կապրեն և կաշխատեն հաջորդ երկու տարվա ընթացքում։ Նրանք ապրելու են hայ հյուրընկալող ընտանիքներում և ծառայելու են իրենց համայնքներում՝ համագործակցելով տեղի դպրոցների անգլերենի ուսուցիչների և երիտասարդական կազմակերպությունների հետ։

Կամավորները կօգնեն աշակերտներին՝ բարելավել իրենց անգլերենի հմտությունները, իսկ երիտասարդներին՝ ձեռք բերել կյանքի և զբաղունակության հմտություններ։   

«Այսօր Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի և մեր բոլոր գործընկերների համար հիշարժան օր է․ բոլորիս սրտերը լի են ուրախությամբ և հպարտությամբ, քանի որ տոնում ենք 30-րդ հոբելյանական խմբի կամավորների երդման արարողությունը։ Այսօր 18 նոր կամավոր կմիանա Խաղաղության կորպուսի մեր երկարամյա ժառանգությանը։ Երկու օրից մեր կամավորները կմեկնեն իրենց ծառայության վայրեր՝ Հայաստանի տարբեր քաղաքներ և գյուղեր, որտեղ կաշխատեն տեղի իրենց գործընկերների հետ՝ ոգեշնչելու աշակերտներին, ուսուցիչներին և հայ երիտասարդներին»,- ասել է ԽԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ուիլիամ Օ’րոարքը։

Միջոցառման ներկաների թվում էին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, Խաղաղության կորպուսի նախկին և ներկա կամավորներ, կամավորներին հյուրընկալող հայ ընտանիքներ, ինչպես նաև՝ ծրագրերի միջազգային և տեղական գործընկերներ։

Խաղաղության կորպուսի մասին

Խաղաղության կորպուսը ԱՄՆ միջազգային կազմակերպություն է, որը բաղկացած է կամավորներից, համայնքի անդամներից, հյուրընկալող երկրի գործընկերներից և անձնակազմից, որոնք ոգեշնչված են աշխարհում խաղաղություն և բարեկամություն հաստատելու Խաղաղության կորպուսի առաքելությամբ։

Աշխարհի տարբեր երկրների կառավարությունների հրավերով՝ ԽԿ կամավորները իրենց համայնքների անդամների հետ աշխատում են կրթության, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, համայնքի տնտեսական զարգացման և երիտասարդության զարգացման ոլորտներում տեղական առաջնահերթություն հանդիսացող ծրագրերի վրա։ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961 թվականին նախագահ Ջոն Ֆ․ Քենեդիի կողմից։ Այդ օրվանից ի վեր ավելի քան 240 000 ամերիկացի ծառայել է աշխարհի 142 երկրում։

Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի մասին

1992 թվականին ՀՀ կառավարության հրավերով Հայաստանում մեկնարկեց Խաղաղության կորպուսի ծրագիրը։ 1992-ից ի վեր Խաղաղության կորպուսը նպաստել է Հայաստանում խաղաղության և բարեկամության հաստատմանը՝ միաժամանակ աջակցելով կրթության և երիտասարդության ոլորտների զարգացմանը։ ԽԿ կամավորները նաև սովորեցրել են հայերին ամերիկյան մշակույթի մասին, իսկ ԱՄՆ վերադառնալով՝ իրենց հայրենակիցներին իրազեկել են հայ մշակույթի մասին։

1992 թվականից ի վեր ավելի քան 1150 ԽԿ կամավոր է ծառայել Հայաստանում։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում