Թուրքիա

Թուրքիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կշարունակվեն

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կշարունակվեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բուդապեշտում կայացող «Թյուրքական պետությունների կազմակերպության» (TDT) ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հետ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆիդանը ելույթ է ունեցել Հունգարիայի մայրաքաղաքում կայացած «Թյուրքական պետությունների կազմակերպության» (OTG) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

Ելույթի ժամանակ Ֆիդանը անդրադարձել է Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը:

Նա  հույս է հայտնել, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև խաղաղության բանակցությունները ճանապարհ կհարթեն համապարփակ զինադադարի և դրան հաջորդող արդար և կայուն խաղաղության հաստատման համար։

Ֆիդանը անդրադարձել է նաև Պաղեստինում առկա իրավիճակին:

«Սովի օգտագործումը որպես զենք խաղաղ բնակչության դեմ և արտաքսման սպառնալիքը պաղեստինցիների դեմ անընդունելի է։ Կարևոր է, որ միջազգային հանրությունը արդյունավետ և վճռական քայլեր ձեռնարկի Իսրայելի դեմ՝ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար», - ասել է նա։ 

Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այս երկրի կառավարությունը կոնկրետ արդյունքների է հասել տարածաշրջանային և միջազգային կողմերի հետ փոխգործակցության, ինչպես նաև պատժամիջոցների վերացման ուղղությամբ Թուրքիայի դիվանագիտական ​​ջանքերի շնորհիվ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում