Մարտունի քաղաքի երեք փողոցում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Արցախի, Պարույր Սևակի և Թումանյան փողոցներում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները։
«Արմենպրես»-ի թղթակցին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից հայտնեցին, որ Արցախի, Պարույր Սևակի և Թումանյան փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 79 միլիոն 963 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է Արցախի, Պարույր Սևակի և Թումանյան փողոցների ասֆալտապատում՝ 1924 մետր ընդհանուր երկարությամբ և 13 հազար 468 քառակուսի մետր մակերեսով։
Այս պահի դրությամբ նշված փողոցներում իրականացվել են հողային աշխատանքներ։ Առաջիկա շաբաթների ընթացքում կտեղադրվեն նաև ավազակոպճային հիմքը և ասֆալտբետոնյա շերտը։
Վերոնշյալ փողոցների մայթերը և ջրահեռացման համակարգերը կառուցվել են նախորդ տարիներին իրականացված սուբվենցիոն ծրագրերով։