Ինովացիա

LinkedIn Local Yerevan 2025-ի կազմակերպիչները ներկայացնում են միջոցառման ռազմավարական նշանակությունը Հայաստանի բիզնես համայնքի համար

6 րոպեի ընթերցում

LinkedIn Local Yerevan 2025-ի կազմակերպիչները ներկայացնում են միջոցառման ռազմավարական նշանակությունը Հայաստանի բիզնես համայնքի համար

LinkedIn Local Yerevan 2025 միջոցառման կազմակերպիչ, «Թարգեթինգ» ընկերության համահիմնադիրներ Գոռ Կարապետյանը և Էմիլ Կրոյանը «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում խոսել են նորարար նեթվորքինգի մշակույթի, միջազգային համագործակցությունների և Հայաստանի բիզնես համայնքի համար այս միջոցառման ռազմավարական նշանակության մասին։

-LinkedIn Local Yerevan-ը երկրորդ տարին անընդմեջ համախմբում է գործարար համայնքը։ Ի՞նչն է փոխվել մեկ տարի անց։ Այս տարվա ձևաչափը ի՞նչ նոր բան է բերում։

Պատասխանում է Գոռ Կարապետյանը

-Առաջին տարին մեզ համար իսկապես հաջողված փորձ էր, որն օգնեց հասկանալ, թե ինչպես է հայկական բիզնես համայնքը արձագանքում միջազգային նեթվորքինգի նման ձևաչափերին։ Այս տարի մենք ընդլայնել ենք գործիքակազմը՝ ներառելով ֆասիլիտացված և ինդուստրիալ նեթվորքինգի սեսիաներ, որոնք թույլ են տալիս մասնակիցներին ստեղծել ավելի նպատակաուղղված և արդյունավետ կապեր։

 -Ձեր կարգախոսն է՝ Inspire, Innovate, Inconnect։ Ինչպե՞ս եք պատկերացնում այս երեք գաղափարի իրական արտահայտումը միջոցառման ընթացքում։

Պատասխանում է Էմիլ Կրոյանը

-Inspire-ը՝ խոսնակների միջոցով, ովքեր կիսվում են իրենց հաջողության պատմություններով։ Innovate-ը՝ նորարարական մոտեցումներով նեթվորքինգի կազմակերպման մեջ։ Inconnect-ը՝ մասնակիցների միջև իրական, արժեքավոր կապերի ստեղծմամբ, որոնք շարունակվում են նաև միջոցառման ավարտից հետո։

 -Նեթվորքինգը հաճախ ընկալվում է որպես պարզապես այցեքարտերի փոխանակում։ Դուք խոսում եք «նոր մշակույթի» մասին։ Ինչպիսի՞ կոնկրետ մեթոդներ կամ մոտեցումներ եք կիրառելու՝ այդ «սառույցները հալեցնելու» համար։

Պատասխանում է Գոռ Կարապետյանը

-Մենք ստեղծել ենք միջավայր, որտեղ նեթվորքինգը դառնում է նպատակաուղղված և արդյունավետ։ Ֆասիլիտացված սեսիաները օգնում են մասնակիցներին արագ գտնել համապատասխան գործընկերներ, իսկ ինդուստրիալ նեթվորքինգը թույլ է տալիս խորացնել այդ կապերը կոնկրետ ոլորտներում։

 -Միջոցառմանը ներկա են լինելու դեսպաններ, փոխդեսպաններ, միջազգային բիզնես դեմքեր։ Ի՞նչ ուղերձ ունի LinkedIn Local Yerevan-ը արտասահմանյան բիզնես համայնքին։ Սա միջազգային «այցեքարտ» կարող է դառնալ Հայաստանի համար։ Համաձա՞յն եք։

Պատասխանում է Էմիլ Կրոյանը

-Ամբողջությամբ համաձայն եմ։ Միջոցառումը ցույց է տալիս, որ Հայաստանը բաց է միջազգային համագործակցության համար։ Միջազգային մասնակիցների ներկայությունը հաստատում է մեր երկրի բիզնես միջավայրի գրավչությունը»։

 
-Արամ Պետրոսյանի նման բիզնեսի միջազգային խաղացողի մասնակցությունը ինչո՞վ է նշանակալից։ Ինչպե՞ս եք ընտրում խոսնակներին, և ի՞նչով են նրանք տարբերվում։

Պատասխանում է Գոռ Կարապետյանը

-Արամ Պետրոսյանի մասնակցությունը կարևոր է՝ որպես հաջողակ հայ գործարարի օրինակ։ Արամ Պետրոսյանը Kerbedanz շվեյցարական պրեմիում ժամագործական բրենդի համահիմնադիրն է, որի ստեղծած յուրահատուկ և խորհրդանշական դիզայներական աշխատանքներն իրենց ուրույն տեղն են զբաղեցնում համաշխարհային նորաձևության մեջ։ Մենք ընտրում ենք խոսնակներին՝ հիմնվելով նրանց փորձի, արժեքների և պատմությունների վրա, որոնք կարող են ներշնչել և ուղղորդել մասնակիցներին։

 -LinkedIn Local Yerevan-ը միայն մեկօրյա միջոցառու՞մ է, թե՞ սա ավելի լայն շարժում եք դիտարկում։ Գուցե, լինե՞ն մենթորական կամ համագործակցային ծրագրեր դրանից հետո։

Պատասխանում է Էմիլ Կրոյանը 

-Սա միայն սկիզբն է։ Մենք նախատեսում ենք շարունակել համագործակցությունը մասնակիցների հետ՝ մենթորական ծրագրերի, աշխատաժողովների և այլ միջոցառումների միջոցով։

 -Ձեր դիտարկմամբ՝ ինչպիսի՞ խնդիրներ ունի բիզնես նեթվորքինգը Հայաստանում, և ինչպե՞ս է այս միջոցառումը լուծում այդ խնդիրները։

Պատասխանում է Գոռ Կարապետյանը

-Հիմնական խնդիրներից է վստահության պակասը և կապերի մակերեսայնությունը։ Մեր միջոցառումը ստեղծում է միջավայր, որտեղ մասնակիցները կարող են կառուցել խորքային և վստահելի հարաբերություններ։

 -Ինչպիսի՞ մասնակիցներ եք ակնկալում այս տարի՝ տարիքային, ոլորտային կամ փորձառության առումով։ Եվ արդյոք սա մենակ «թոփ մենեջերների» միջոցառու՞մ է։ 

Պատասխանում է Էմիլ Կրոյանը

-Միջոցառումը բաց է բոլորի համար՝ սկսնակ ձեռներեցներից մինչև փորձառու ղեկավարներ։ Մենք կարևորում ենք բազմազանությունը, որը նպաստում է նոր գաղափարների և համագործակցությունների ստեղծմանը»։

 
-Դուք երկուսդ էլ գործարարներ եք ՏՏ-ի ու մարքեթինգի ոլորտից։ Ո՞րն է ձեր անձնական մոտիվացիան նման նախագիծ իրականացնելու համար։ Սա բիզնե՞ս է, առաքելությու՞ն, թե՞ երկուսն էլ։ 

Պատասխանում է Գոռ Կարապետյանը

-Սա մեր առաքելությունն է՝ նպաստել Հայաստանի բիզնես նեթվորքինգի մշակույթի զարգացմանը։ Մենք հավատում ենք, որ ուժեղ կապերը կարող են փոխել բիզնես միջավայրը։

Պատասխանում է Էմիլ Կրոյանը

-Ինձ համար սա նաև բիզնես հնարավորություն է՝ ստեղծելու հարթակ, որը կօգնի բիզնեսներին աճել և զարգանալ։ Բայց ամենակարևորը՝ սա մեր ներդրումն է համայնքի զարգացման գործում։

 
Մի նախադասությամբ՝ ինչո՞ւ LinkedIn Local Yerevan 2025-ը բաց թողնել չարժի։

Պատասխանում է Գոռ Կարապետյանը

-Որովհետև սա հնարավորություն է միանալ բիզնես համայնքի սրտին և կառուցել կապեր, որոնք կարող են փոխել ձեր ապագան։

Պատասխանում է Էմիլ Կրոյանը

-Այն ամեննը ինչ փնտրում են շատ գործարարները՝  իմաստալից  կապեր, նոր գործընկերներ և բիզնես հնարավորություններ, կարող են գտնել   LinkedIn Local Yerevan 2025-ի ընթացքում։ 

 Հիշեցում

LinkedIn Local Yerevan 2025 միջոցառումը տեղի կունենա հունիսի 6-ին, Երևանում՝ Օ₂ Gardens-ում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում