Իրավունք

Ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայողի ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված հեռակա քրեական վարույթի նախաքննությունը

2 րոպեի ընթերցում

Ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայողի ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված հեռակա քրեական վարույթի նախաքննությունը

Հայաստանի քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայողի ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված հեռակա քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ 2010 թվականի մարտի 15-ին ՊԲ զորամասի վերանորոգման վաշտի սպայական սենյակի հետնամասում հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ.Մ.-ի դիակը՝ պարանի միջոցով երկաթյա պտտաձողից կախված վիճակում: 

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2010 թվականի մարտի 14-ին նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ Ա.Խ.-ն և Ն.Գ.-ն շարքային Վ.Մ.-ին ճնշելու, նրա պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու դիտավորությամբ վերջինիս կողմից խոստացված գումարը ժամանակին չվերադարձնելու համար հալածանքների են ենթարկել նրան, ինչի հետևանքով Վ.Մ.-ն նույն օրը կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել:

2025 թվականի ապրիլի 11-ին որոշում է կայացվել հետախուզվող Ա.Խ.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:

Ա.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում):

Ա.Խ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում