Կառուցելով երազանքների երկիրը. Լոռիում մեկնարկեց Silicon Mountains 2025-ը՝ համախմբելով ՏՏ ոլորտի առաջատարներին
5 րոպեի ընթերցում

ՏՏ ոլորտի տեղական և միջազգային փորձագետները և պետական գործիչները՝ մեկ հարթակում. Լոռու մարզի Դեբեդ գյուղում մեկնարկել է Silicon Mountains 2025-ը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆորումի ընթացքում ոլորտի փորձագետները ներկայացրեցին իրենց տեսլականը և արդեն առկա փորձը տնտեսության տարբեր ճյուղերում թվայնացման վերաբերյալ և արհեստական բանականության դարաշրջանում կիբեռանվտանգության աճող նշանակության մասին:
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, ողջունելով ներկաներին, նշեց՝ ֆորումի հիմնական նպատակն է ստեղծել մեկ հարթակ, որտեղ կքննարկվեն տարբեր խնդիրների և մարտահրավերների լուծումները:
«Մենք քննարկում ենք, թե ինչպես կարելի է տնտեսության ճյուղերում կիրառել թվային տարբեր տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը: Մեր միջոցառումը հիմնականում կենտրոնանում է հնարավորությունների և մարտահրավերների վրա: Նաև արդեն երկրորդ տարին ֆորումը մարզում անցկացնելով՝ մենք փորձում ենք օգտագործել մարզերի համաչափ զարգացման հնարավորությունը»,- նշեց Մուսաելյանը:
Նա նշեց, որ Silicon Mountains 2025-ին քննարկվում են «արհեստական բանականություն և ավտոմատացում», «խելացի թվային ենթակառուցվածքներ» և «կիբեռանվտանգություն ու տվյալների պաշտպանություն թեմաները», որոնք, ըստ Մուսայելյանի, փոխկապակցված են միմյանց:
ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, խոսելով արհեստական բանականության կիրառման մասին, նշեց, որ այն, ճիշտ օգտագործելու դեպքում, դառնում է մի գործիք, որը բարձրացնում է արդյունավետությունը բոլոր ոլորտներում:
«Կարող եմ վստահ ասել, որ արհեստական բանականությունը կա բոլոր ոլորտներում՝ առողջապահությունից մինչև կրթություն, քանի որ տեխնոլոգիաներն այսօր մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառում են: Արհետական բանականության գործիքներն անձամբ ես ևս օգտագործում եմ որպես ինֆորմացիայի աղբյուր, նախարարությունում նույնպես սկսել ենք օգտագործել»,- ասաց Սիմոնյանը:
Նախարարի տեղակալը նշեց՝ պետք է մշտապես ներդնել նոր գործիքակազմ, քանի որ թվայնացումը կարևոր գործընթաց է, ինչի շնորհիվ մի շարք ոլորտներ, ծրագրեր կդառնան ավելի կառավարելի:
«Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ, խոսելով կիբեռանվտանգություն ու տվյալների պաշտպանություն թեմայի շուրջ, նշեց՝ կիբերանվտանգության խնդիրը գնալով շատ արդիական է դառնում, և մարդիկ մշտապես պետք է զգուշավոր և զգոն լինեն:
«Եթե մարդը զգույշ լինի, նա պաշտպանված կլինի։ Ցանկացած կոճակ սեղմելուց, բանկային քարտը օգտագործելուց և ցանկացած գործարք անելուց առաջ միշտ պետք է ուսումնասիրել և մանրամասն կարդալ: Մարդը կամ հաճախորդը պետք է և պարտավոր է կարդալ բոլոր կետերը, քանի որ այնտեղ միշտ լինում են զգուշացումներ, որոնց ծանոթանալով՝ քաղաքացին դառնում է պաշտպանված»,- նշեց Յիրիկյանը:
Խոսելով Հայաստանում կիբեռանվտանգության մակարդակից՝ Յիրիկյանը այն գնահատեց բավարարից ցածր՝ նշելով, որ այս առումով Հայաստանը դեռ ճանապարհ ունի անցնելու և այդ ճանապարհը անցնելու համար պետք է կրթվել:
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն, անդրադառնալով ամբողջ աշխարհում խնդիր դարձած կիբեռանվտանգություն ու տվյալների պաշտպանություն թեմային, նշեց.
«Սա խնդիր է, որը պետք է հաղթահարի կառավարությունը՝ համագործակցելով կրթական համակարգի, արդյունաբերական ոլորտի և քաղաքացիների հետ, որպեսզի հասկանանք, թե մենք ինչպե՞ս ենք ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ տեխնոլոգիաները օժանդակում են մեզ և ռիսկերը կառավարվում են արդյունավետ:
2022 թվականին մենք ընդունեցինք ազգային կիբեռանվտանգության ռազմավարություն, որն ունի հինգ բաղադրիչներ: Դրանք օժանդակում են էկոհամակարգերին, հմտություններին, որոնք անհրաժեշտ են, որպեսզի կառավարենք այդ տեխնոլոգիաները։ Դա մեզ օգնում է առաջ մղել զարգացող տեխնոլոգիաները՝ արհեստական բանականությունը և այլն: Ինչպես նաև միջազգային առումով անհրաժեշտ է ձևավորել առաջնորդություն և աշխատել ոչ միայն Միացյալ Թագավորությունում, այլև բոլոր գործընկերների հետ՝ կառավարելով սպառնալիքները»,- ընդգծեց դեսպանը: