ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը համագործակցության հուշագիր
2 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև մայիսի 14-ին կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև կայուն փոխհարաբերության ապահովմամբ։
Հուշագրի շրջանակներում կանցկացվեն համատեղ գիտաժողովներ, քննարկումներ և այլ միջոցառումներ, սոցիոլոգիայի ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողների մասնագիտական պրակտիկան կկազմակերպվի քրեակատարողական հիմնարկներում, ֆակուլտետի դասախոսների ներգրավմամբ կիրականացվեն Ծառայության աշխատակիցների վերապատրաստումներ, Ծառայության մասնագետները հանդես կգան դասախոսություններով ֆակուլտետում դասավանդվող որոշ առարկաների շրջանակներում։
Ըստ աղբյուրի՝ կողմերը կհամագործակցեն նաև ոլորտին վերաբերող այլ ուղղություններով։