Հնդկաստանը հայտարարել է Պակիստանում ահաբեկիչների պատրաստման վայրերին հարվածներ հասցնելու մասին
2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի բանակը հայտնել է Պակիստանում ահաբեկիչների պատրաստման վայրերին նոր հարվածներ հասցնելու մասին։
«Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը Ջամմուի և Քաշմիրի, ինչպես նաև Փանջաբի մի քանի քաղաքներում անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու Պակիստանի անհաջող փորձերին ի պատասխան, Հնդկաստանի բանակը համակարգված կրակային հարված է հասցրել ահաբեկչական օբյեկտներին՝ ոչնչացնելով դրանք», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ նշել է Հնդկաստանի բանակը։
Հնդկաստանի զինված ուժերը հայտարարել են, որ վերահսկողության գծի մոտ գտնվող ահաբեկչական վայրերն անցյալում եղել են երկրում քաղաքացիական անձանց և անվտանգության ուժերի դեմ հարձակումների պլանավորման և իրականացման կենտրոն։
«Հնդկաստանի բանակի արագ և վճռական գործողությունները զգալի հարված են հասցրել ահաբեկչական ենթակառուցվածքներին և կարողություններին», - հավելել է բանակը։
Երկու երկրների միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Պահալգամ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի: Նյու Դելին հայտարարել է, որ ունի ապացույցներ, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը ներգրավված է եղել հարձակման մեջ: