Աշխարհ

Հնդկաստանում քաղաքացիական պաշտպանության վարժանքներ են անցկացվում

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանում քաղաքացիական պաշտպանության վարժանքներ են անցկացվում

Հնդկաստանում մեկնարկել են «Աբհյաս գործողություն» անվանումը ստացած քաղաքացիական պաշտպանության համազգային վարժանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Indian Express-ը։ 

Հնդկաստանի պաշտպանության նախարարության ձեռնարկած «Սինդուր» գործողության խորապատկերում կազմակերպված վարժանքներն անցկացվում են երկրի տարբեր նահանգների 244 շրջաններում և քաղաքներում, ներառյալ՝ մայրաքաղաք Նյու Դելին, Մումբայը, Կալկաթան և այլն: Մասնավորապես, Նյու Դելիում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել Երևանի ժամանակով 18:30-18:45-ը:

«Նահանգների և միութենական տարածքների կառավարություններին հանձնարարվել է միացնել օդային հարձակման շչակները, որոշ շրջաններում կիրառել էլեկտրաէներգիայի անջատման կարգ և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ ուսանողներին ծանոթացնել անվտանգության միջոցներին, որոնց անհրաժեշտ է հետամուտ լինել հնարավոր օդային կամ ցամաքային հարձակումների ժամանակ»,- հայտնում է պարբերականը:

Մայիսի 7-ի գիշերը հնդկական զորքերը հարվածներ են հասցրել Պակիստանում և այդ երկրի կողմից Քաշմիրում վերահսկվող տարածքում գտնվող 9 թիրախների, որտեղ, ըստ հնդկական կողմի, հանգրվանել էին ահաբեկիչները։ Նշվում է, որ գործողության ընթացքում Պակիստանի որևէ ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։ 

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին հնդկական Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և Նեպալի մեկ քաղաքացի: Հնդկաստանը հայտարարել է, որ ապացույցներ ունի այդ գրոհին Պակիստանի միջգերատեսչական հետախուզության առնչության վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում