Իրավունք

Նախորդ այցի ընթացքում արձանագրված խնդիրները մասնակի լուծվել են. ՀՀ ՄԻՊ-ը կրկին այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն

3 րոպեի ընթերցում

Նախորդ այցի ընթացքում արձանագրված խնդիրները մասնակի լուծվել են. ՀՀ ՄԻՊ-ը կրկին այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն և պարզել, որ նախորդ այցի ընթացքում արձանագրված որոշ խնդիրներ ստացել են դրական լուծում

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Այցի ընթացքում ուսումնասիրվել է նշված հաստատության առումով նախկինում Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ Պաշտպանի առաջարկների կատարման վիճակը, առանձազրույցներ են տեղի ունեցել շահառուների հետ, Պաշտպանը տեղում ծանոթացել է վերջիններիս իրավունքների իրացման վիճակին։

Ուսումնասիրվել են շենքային պայմանները, հաստատության կողմից մատուցվող ծառայությունները, բուժառուների նկատմամբ զսպման միջոցների կիրառման հետ կապված հարցերը, ճաշացանկը, հարմարեցված և մատչելի միջավայրի ապահովումը, բուժառուների զբաղվածության հետ կապված վիճակը, անձնական հիգիենային վերաբերելի հարցեր, կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն։

«Հարկ ենք համարում ընդգծել, որ նախորդ այցի ընթացքում արձանագրված որոշ խնդիրներ ստացել են դրական լուծում, մասնավորապես` կանանց բաժանմունքներից մեկում առանձնացվել է զսպման սենյակ, որոշ բաժանմունքների մուտքերը կահավորվել են թեքահարթակներով (չնայած շարունակում են պահպանվել մատչելիության հետ կապված խնդիրները), սանհանգույցներում տեղադրվել են միջնապատեր, թեև դեռևս կահավորված չեն դռներով, միջնապատով է կահավորվել նաև հաատատության լոգասենյակը»,- ընդգծված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Այս համատեքստում Պաշտպանը կարևորում է պետության հանձնառությունը հոգեբուժական կազմակերպություններում առկա խնդիրները լուծելու և պատշաճ պայմաններ ապահովելու համար: Միևնույն ժամանակ, շարունակում են խնդիրներ առկա լինել հաստատության շենքային պայմանների, մատչելիության ապահովման և այլ հարցերի առնչությամբ: Շատ կարևոր է ապահովել նաև հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձի շարունակաբար բարելավումը:

Նշվում է, որ արձանագրված մի շարք խնդիրներ ունեն համակարգային բնույթ և լուծման առաջարկների հետ միասին ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի Կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի տարեկան զեկույցում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում