Հայաստան

Ուսանողներն Ագրարային համալսարանում 14 կրթական ծրագրով կարող են ստանալ ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ

4 րոպեի ընթերցում

Ուսանողներն Ագրարային համալսարանում 14 կրթական ծրագրով կարող են ստանալ ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ

Հայաստանում ագրոպարենային ոլորտի մասնագիտությունների պահանջարկը գնալով մեծանում է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանն՝ ընդգծելով, որ դրա հիմնական պատճառներից մեկը պետության կողմից վարվող նպատակային քաղաքականությունն է։  

«Կարևորելով ագրոպարենային ոլորտի գործունեությունը, պարենային անվտանգության խնդիրները՝ պետությունը լուրջ բարեփոխումներ, օժանդակության ծրագրեր է իրականացնում մի շարք ուղղություններով՝ արտադրողականության աճ արձանագրելու նպատակով։ Մասնավորապես, խրախուսվում է ինտենսիվ այգիների, խելացի անասնաֆերմաների, առաջադեմ տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսությունների հիմնումը  և այլն: Դա նշանակում է, որ ագրոպարենային ոլորտում որակյալ մասնագետների պահանջարկը մեծանալու է»,-ասաց Հրաչյա Զաքոյանը։ 

Բանախոսը նկատեց, որ արդեն այսօր կա տարբեր ուղղություններով մասնագետների պակաս։ Մասնավոր բիզնեսը դիմում է համալսարան ու ակնկալում է աջակցություն՝ մասնագետներ գտնելու հարցում։ Բիզնեսի պահանջներին արագ արձագանքելու համար որոշ մասնագիտությունների գծով համալսարանը կարճաժամկետ ուսումնական ծրագրեր է իրականացնում, ինչն ինչ-որ չափով օգնում է։ Համալսարանի ռեկտորը կարևորեց պետության այն քաղաքականությունն ու կառավարության կողմից ընդունված որոշումը, որ մի շարք մասնագիտությունների գծով ուսանողները ստանալու են 70 հազար դրամ կրթաթոշակ։ 

«Ասեմ, որ 14 կրթական ծրագրով պետության կողմից սահմանված է ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ։ Դրանք են ագրոնոմիա, բույսերի պաշտպանություն, անասնաբուժություն, ջերմատնային ագրոտեխնոլոգիա, անասնաբուծություն և այլն։  Նպատակն է երիտասարդների համար այնպիսի պայմաններ ապահովել, որ առօրյա հոգսերը փոքր-ինչ թեթևանան, ավելի շատ կենտրոնանան կրթության վրա։ Նշեմ, որ խրախուսվում է ուսանողների բարձր առաջադիմությունը։ Այն ուսանողները, որոնք կունենան բարձր առաջադիմություն, նրանք 70 հազարի փոխարեն կստանան 77 հազար դրամ»,-ասաց Հրաչյա Զաքոյանը։ 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող Կատյա Մանուկյանն ուսումնասիրում է գինեգործությունը։ Այս մասնագիտությունը ներառված է կրթաթոշակի ծրագրում։  

«Շատ կարևոր նախաձեռնություն է, և բավական օգնում է ուսանողներին։ Ավելին, շատերը ձգտում են առաջադիմության բարձր մակարդակ ապահովել, որ կրթաթոշակի հնարավորությունը պահպանվի։ Շատ ուրախ եմ, որ գինեգործությունն եմ ուսումնասիրում։ Փորձում էի գտնել այնպիսի մասնագիտություն, որն արհեստական բանականությունը մի քանի տարի հետո իմ «ձեռքից չի վերցնի»։ Երբ մեր դպրոցի կողմից կազմակերպվեց այց ագրարարային համալսարան, շատ տպավորվեցի, հատկապես՝ գինեգործությամբ։  Որոշեցի ընտրել այս բուհը, որը որակյալ մասնագետներ է պատրաստում գյուղատնտեսության ոլորտում: Դա շատ կարևոր է մեր տնտեսության, պարենային անվտանգության տեսանկյունից»,- ասաց «Արմենպրես»-ի մամուլի սրահում հյուրընկալված Կատյա Մանուկյանը։ 

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը նշեց, որ անելիքներ կան ինչպես ենթակառուցվածքների զարգացման, այնպես էլ դասախոսական անձնակազմի վերապատրաստման, գործատուների հետ աշխատանքն ակտիվացնելու, ուսումնական պրոցեսն առավել շատ պրակտիկ հիմքի վրա դնելու տեսանկյունից։ Դրանից բացի, շատ կարևոր է նաև իրազեկման աշխատանքը. ժամանակին համահունչ նոր մասնագիտություններ են բերվում, իսկ դրա մասին ինֆորմացիան պետք է հասանելի լինի դիմորդներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում