Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարության դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2025-26 թթ. դասընթացի մասնակցության մրցույթ

5 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարության դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2025-26 թթ. դասընթացի մասնակցության մրցույթ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2025-26 թթ. դասընթացի մասնակցության մրցույթ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, դիմումի հայտը հանձնելու պահին 35 տարին չլրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն ՀՀ կառավարության 2014 թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկով» սահմանված որակավորում և չեն տառապում ՀՀ կառավարության 2019 թ. փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված՝ «Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում» նշված որևէ հիվանդությունով:

Դասավանդման լեզուներն են հայերենը և անգլերենը: Նշված լեզուների, ինչպես նաև դիմորդի ընտրությամբ ևս մեկ օտար լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է: Լեզուների իմացությունը ստուգվելու է քննության թե՛ գրավոր, թե՛ բանավոր փուլերում։ Իր տիրապետած երկրորդ օտար լեզվի մասին դիմորդը նախօրոք նշում է կատարում ընդունելության մրցույթին մասնակցելու դիմում-հայտում։

Դասերը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ և արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:

Դասընթացը կմեկնարկի 2025թ. սեպտեմբերին և կավարտվի 2026թ. հուլիսին: Ուսումն անվճար է:

Պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ և դիմումի ձևը բեռնել Դիվանագիտական դպրոցի կայքի «ընդունելություն» բաժնից՝ այս հասցեով:

Էլեկտրոնային եղանակով դիմումները գրանցած և պահանջվող փաստաթղթերը ներկայացրած դիմորդները 2025թ. հունիսի 16-ին կհրավիրվեն գրավոր քննության առաջին փուլին, որը կազմված է ՀՀ Սահմանադրության, հայոց պատմության, համաշխարհային պատմության, աշխարհագրության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ընդհանուր զարգացվածության և տրամաբանության հարցերի վերաբերյալ բազմակի պատասխաններից ընտրությամբ թեստից և ներառում է նաև մասնագիտական տեքստերի թարգմանություն հայերենից անգլերեն և հայերենից դիմորդի նշած երկրորդ օտար լեզու։ Գրավոր քննության առաջին փուլը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն գրավոր քննության երկրորդ փուլին (միջազգային հարաբերությունների/արտաքին քաղաքականության վերաբերյալ թեմայով շարադրություն): Երկրորդ փուլը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: Լավագույն դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու դասընթացին: 

Դիմորդներից ակնկալվում է աշխարհում ընթացող՝ միջազգային հարաբերությունների ոլորտին վերաբերող հիմնական իրադարձությունների մասին տեղեկացվածություն:

Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական և գործնական առարկաներից: Դասավանդվող առարկաներից ունկնդիրները կհանձնեն ընթացիկ քննություններ, որոնց արդյունքները, հաճախումների, այցերի մասնակցության և պրակտիկայի գնահատականների հետ, մաս կկազմեն հանրագումարային գնահատականի: Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ՀՀ ԱԳ նախարարությունում:

Դասընթացն անցկացվելու է Դիվանագիտական դպրոցում (Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք): Դասերն անցկացվելու են ամեն աշխատանքային օր, օրվա երկրորդ կեսին:

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. ապրիլի 28-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ

1) լրացնել էլեկտրոնային դիմում-հայտն այս հղումով, ապա

2) մայիսի 26-ից մինչև հունիսի 11-ը ներառյալ անձամբ հանձնել փաստաթղթերը ՀՀ դիվանագիտական դպրոցում՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարության 2-րդ շենք, Երևան 0010 հասցեով, ամեն աշխատանքային օր՝ ժ. 10.00-17.30 (ընդմիջում՝ ժ. 13.00-14.00):

Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում դիմորդները կարող են դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, 060620221, 060620251, 060620254 հեռախոսահամարներով կամ contact@diplomaticacademy.am էլեկտրոնային փոստի հասցեով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում