Ադրբեջանը շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները
3 րոպեի ընթերցում

Հայաստանը միջազգային դատարաններին մշտապես տեղեկացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ, վերջին նման տեղեկատվությունը Արդարադատության միջազգային դատարան է փոխանցվել ապրիլի 18-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, թե իբր Հաագայի միջազգային դատարանը մերժել է Հայաստանի հայցերը՝ կապված Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի պահման պայմանների հետ:
«Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները։ Հայաստանը միջազգային դատարաններին մշտապես տեղեկացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների խախտումների, այդ թվում դատավարական իրավունքների խախտումների վերաբերյալ։ Վերջին նման տեղեկատվությունը Արդարադատության միջազգային դատարան է փոխանցվել ս.թ ապրիլի 18-ին՝ պահանջելով նաև Դատարանի կանոնների 78-րդ կանոնի համաձայն լրացուցիչ միջոցներ կիրառել՝ ի հավելումն արդեն իսկ կիրառված միջոցների։ Դատարանը պահանջել էր ներկայացնել մանրամասն տեղեկատվություն Հայաստանի պահանջին ի պատասխան, ինչը կատարվել է Ադրբեջանի կողմից։ Արդյունքում դատարանն արձանագրել է, որ «գործի քննության այս փուլում» բացակայում է լրացուցիչ միջոցների կիրառման անհրաժեշտությունը»,–ասված հաղորդագրությունում:
Գրասենյակից ընդգծել են՝Ադրբեջանը նաև լռում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ընթացող դատավարությունների շրջանակներում կիրառված և այս պահին էլ իր կողմից կատարման ենթակա պարտավորությունների մասին։
«Ադրբեջանը չի հիշատակում նաև այն որոշումների մասին, որոնցով ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով նաև Հայաստանի ներկայացրած փաստարկները, մերժում է Ադրբեջանի կողմից պարբերաբար ներկայացվող այն պահանջները, որոնք ուղղված են միջանկյալ միջոցների վերացմանը։ Ընթացող դատավարությունների շրջանակներում Հայաստանը միջազգային դատարաններին շարունակաբար ներկայացնելու է խախտումների վերաբերյալ տեղեկություններ»,–նշել են գրասենյակից:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, թե Հաագայի միջազգային դատարանը իբր մերժել է Հայաստանի մի քանի հայցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանում ապօրինի պահվող մյուս գերիների վերաբերյալ։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրելով Ադրբեջանի ներկայացրած պատասխանն ու ապացույցները՝ դատարանը որոշել է հավելյալ տեղեկատվություն չհայցել ու չպահանջել անկախ հետաքննություն կամ փորձագիտական եզրակացություն՝ կապված Բաքվում պահվող հայերի պահման պայմանների հետ։