Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ նախագահ Գարի Ֆիլլիպսի և գործադիր տնօրեն Սերժ Պուչաքճյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից Հայաստանում իրականացվող հումանիտար բնույթի ծրագրերը և հայտնել Կառավարության աջակցությունը դրանց արդյունավետ կյանքի կոչման գործում:
Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել սոցիալական, առողջապահական, կրթական, գյուղատնտեսական բնույթի ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են և առաջիկայում նախատեսվող մյուս նախագծերը:
Գարի Ֆիլլիպսը և Սերժ Պուչաքճյանը շնորհակալություն են հայտնել Կառավարությանը համագործակցության և ծրագրերի առաջմղման ուղղությամբ աջակցության համար: