Ամերիկյան ձայնագրման ընկերությունը միջազգային ճանաչման հնարավորություն կընձեռի հայ երաժիշտներին

6 րոպեի ընթերցում

Prima Classic (ԱՄՆ) ձայնագրման ընկերությունը և Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամը, Armenopole միջազգային առցանց հարթակի հետ համագործակցությամբ մեկնարկել են հայ երաժիշտներին և հայ երաժշտությունը միջազգային հարթակներում հանրահռչակելու աննախադեպ նախագիծ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հնարավորություն է տալիս կայացած և սկսնակ հայ երաժիշտներին ձայնագրել և թողարկել թվային սինգլներ, մինի ալբոմներ (EP) և ալբոմներ՝ միջազգային հեռարձակման բոլոր հարթակներում հրապարակելու հնարավորությամբ: Այդ ամենն իրականացնելու համար երաժիշտներին կտրամադրվեն ֆինանսական միջոցներ, կապահովվեն ձայնագրման համար միջազգային ստանդարտներին համապատասխան բոլոր պայմանները, փոստ-փրոդաքշնը, թողարկումն ու մարքեթինգային բոլոր միջազգային գործիքները՝ ձայնագրության տարածում Spotify, Apple Music, YouTube և ավելի քան 80 միջազգային հարթակներում, գովազդային աջակցություն և այլն:

Արդեն հայտնի է «Սկսնակ երաժիշտների» (18-28 տարեկան) ծրագրի կարճ ցանկը (short-list): Դժվարագույն ընտրության արդյունքում ցանկում ընդգրկվել են հետևյալ երաժիշտները՝ դաշնակահարներ Գայանե Ասլանյանը, Շուշան Արևշատյանը, Գուր Սարգսյանը, Սուրեն Բաբայանը, Ռուբեն Կոզինը, հոբոյահար Հայկ Հեկեկյանը և թավջութակահար Նարեկ Հեկեկյանը: Ընտրությունը կատարվել է Prima Classic լեյբլի և վերջինիս համահիմնադիր Էդգարդո Վերթանեսյանի կողմից, որը սահմանել է նաև հատուկ մրցանակ կիթառահար Վահան Սարգսյանի համար:

Մայիսի 16-ին Armenopole հարթակում կհեռարձակվեն կարճ ցանկում (short-list) ընդգրկված թեկնածուների տեսագրությունները: Համերգի ավարտին կհայտարարվեն «Սկսնակ երաժիշտների» ծրագրի 4 հաղթողները:

Primavera Foundation of Armenia-ի կայքում հնարավոր է կատարել հանգանակություն նախագծի, ձեր նախընտրած արտիստի կամ երաժշտախմբի աջակցման համար: Հանգանակությունը բաց է ինչպես անհատների, այնպես էլ կորպորատիվ գործընկերների համար ողջ աշխարհից:

Prima Classic ձայնագրման ընկերության և Primavera Foundation of Armenia-ի համագործակցությունն ունի նաև կրթական բաղկացուցիչ, հայ երաժիշտների և հնչյունային ինժեներների համար նախատեսված է ամենամյա սեմինար «Երաժշտության արտադրության և դասական երաժշտության ինդուստրիայի հիմնական դրույթները» թեմայով, որը կվարի հնչյունային ինժեներ և Prima Classic լեյբլի համահիմնադիր Էդգարդո Վերթանեսյանը:

Prima Classic լեյբլի կողմից հասանելի կլինի նաև խորհրդատվական աջակցություն երաժշտական ​​արտադրության, ալբոմի թողարկման պլանավորման և միջազգային առաջխաղացման վերաբերյալ: Հայաստանցի այն հնչյունային ինժեներներին, որոնք ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, կտրվի հնարավորություն Prima Classic լեյբում անցնել վերապատրաստում, պրակտիկա և ստեղծել միջազգային մասնագիտական ​​կապեր:

Նախագծի մասին Prima Classic-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Էդուարդո Վերթանեսյանը նշում է. ‹‹Հայերը կարևոր դեր են ունեցել եվրոպական և քրիստոնեական ավանդույթների ձևավորման մեջ՝ բերելով այդ մշակույթը դարերի խորքից, անցնելով անհավանական դժվարությունների միջով, որոնց հետևանքները շատ ցցուն կերպով զգացվում նաև այսօր: Կարևոր է, որ հայի ձայնը, այս դեպքում երաժշտական ձայնը, լսելի լինի ողջ աշխարհում և մենք պետք է օգնենք հայ ժողովրդին իր գեղարվեստական դրսևորումներում շարունակել ձգտել կատարելության››:

Primavera Foundation of Armenia-ի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Ելենա Յակովլևան հույս է հայտնում, որ նախագիծը կոգեշնչի երիտասարդ երաժիշտներին ավելի կատարելագործել և հանրահռչակել իրենց կատարողական արվեստը: «Մենք մեր կողմից անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի համաշխարհային լսարանի համար ապահովենք հայ երաժշտության դյուրին և համապարփակ հասանելիությունը՝ բացահայտելով նրանց համար հայ երաժիշտների վարպետությունը իրենց ծանոթ բոլոր միջազգային հարթակներում»,-նշում է նա:

Prima Classic-ը հիմնադրվել է հռչակավոր անվանի օպերային երգչուհի Մարինա Ռեբեկայի և հնչյունային ինժեներ Էդուարդո Վերթանեսյանի կողմից և գործունեություն է ծավալելում Եվրոպայում և ԱՄՆ-ում: Այն ձայնագրման անկախ լեյբլ է, որը կենտրոնացած է օպերաների, դասական երգեցողության և գործիքային երաժշտության ձայնագրման ուղղության վրա: Նրանք նվիրված են մեկ գաղափարի՝ նպաստել հանճարեղ երաժշտության տարածմանը՝ հիանալի արտիստների կատարմամբ: Լեյբլը հատուկ ուշադրություն է դարձնում նախագծերի բոլոր փուլերին՝ երկացանկի ընտրություն, կատարման վարպետություն, ձայնի որակ, դիզայն, փաթեթավորում և համաշխարհային տարածում: 

Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամը հիմնադրվել և ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում 2022-ից: Այն ուղղված է հայ մշակույթի ու արտիստների միջազգային ինտեգրմանը, հայ երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ու աջակցմանը, կրթական ծրագրերի միջոցով կատարողական արվեստի և արվեստի մենեջմենթի զարգացմանը:  Հիմնադրամը տասնյակ կրթական ու մշակութային նախագծեր է իրականացրել ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի հեռավոր մարզերում: Լիահույս ենք, որ հիմնադրամի համագործակցությունը Prima Classic լեյբլի հետ նոր էջ կբացի Հայաստանի մշակութային կյանքում:

Հայերեն

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ