Սոցիալական հարցեր

3594 քաղաքացի օգտվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցման ծրագրից. կառավարությունն ավելացնում է ֆինանսավորումը

2 րոպեի ընթերցում

3594 քաղաքացի օգտվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցման ծրագրից. կառավարությունն ավելացնում է ֆինանսավորումը

Կառավարության ապրիլի 25-ի նիստում հաստատվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնած «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման» միջոցառման համար լրացուցիչ ֆինանսավորման հատկացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է ապահովել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ 2025 թվականի ապրիլի և մայիսի ամիսների համար։ 

«Այս փուլում առաջարկվում է հատկացնել 209 միլիոն դրամ՝ երկրորդ եռամսյակում վճարումներ կատարելու նպատակով»,- ասաց նա։

Նախարարի տեղակալը հիշեցրեց, որ ծրագրի շրջանակում աջակցություն է տրվում այն ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը վերջին երեք և ավելի տարիների ընթացքում դասակարգվել են որպես անհուսալի, և որոնց մայր գումարի պարտավորությունը չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Աջակցությունն իրականացվում է շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով, որը փոխանցվում է վարկային պարտավորության մարմանը։ Ծրագրի տևողությունը՝ առավելագույնը 24 ամիս։ 

«Դիմումների ընդունումը մեկնարկել է 2025 թվականի փետրվարի 1-ից և շարունակվելու է մինչև 2026 թվականի հունվարի 31-ը։ Այս պահին արդեն հաստատվել է 3594 քաղաքացու դիմում։ Փետրվար ամսվա դիմումների հիման վրա մարտին վճարում է կատարվել 1896 շահառուի համար՝ ընդհանուր 70 միլիոն դրամի չափով։ Մարտին ծրագրին միացել է ևս 1072 շահառու, որոնց վճարումը կիրականացվի ապրիլին։

Փետրվար և մարտ ամիսների համար ընդհանուր շահառուների թիվը կկազմի 2968»,- եզրափակեց Ստեփանյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում