Աշխարհ

Աշխարհի տարբեր ղեկավարներ ցավակցել են Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

4 րոպեի ընթերցում

Աշխարհի տարբեր ղեկավարներ ցավակցել են Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Աշխարհի մի շարք երկրների և կառույցների ղեկավարներ խստորեն դատապարտել են Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի նահանգում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով 28 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել ահաբեկչության կապակցությամբ և իր լիակատար աջակցությունը հայտնել Նյու Դելիին մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որն այցով գտնվում է Հնդկաստանում, տեղի ունեցածն անվանել է «սարսափելի ահաբեկչական հարձակում»։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես իր աջակցությունն է հայտնել Հնդկաստանին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի հյուսիսում տեղի ունեցած հարձակումն անվանել է «դաժան հանցագործություն, որը ոչ մի արդարացում չի կարող ունենալ»։ 

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին իր զորակցությունն է հայտնել Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին, վիրավորներին և հնդիկ ժողովրդին։ 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, դատապարտելով հարձակումը, շեշտել է, որ «քաղաքացիական անձանց վրա հարձակումներն անընդունելի են ցանկացած հանգամանքներում»։ 

Հնդկաստանին ցավակցություններ են հայտնել և հարձակումը դատապարտել են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Գերմանիայի, Իրանի, ԱՄԷ-ի, Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարությունները։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ՝ նշելով, որ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը՝ դրա բոլոր ձևերով։

Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ Հնդկաստանին ցավակցություն է հայտնել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ 

Ըստ The Press Trust of India պարբերականի՝ ահաբեկչությունից հետո Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին դադարեցրել է իր երկօրյա այցը Սաուդյան Արաբիա և վերադարձել երկիր։

Հարձակումը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիսի Ջամու և Քաշմիրի նահանգում. Պահալգամ քաղաքում զինյալների  խումբը կրակ է բացել զբոսաշրջիկների վրա։ ԶԼՄ-ները նշում են 26 զոհի մասին, The Hindu պարբերականը, վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրներին, հայտնել է, որ զոհվել է 28 մարդ։ Զոհերի մեծ մասը հնդիկներ են։

Հնդկաստանը և Պակիստանը յուրաքանչյուրը վերահսկում են Քաշմիրի մի հատված։ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում զինյալները դեռ 1989 թվականից պայքարում են Նյու Դելիի կառավարության դեմ։ Մուսուլման քաշմիրցիների մեծ մասը, ըստ The Associated Press գործակալության, սատարում են ապստամբների նպատակին՝ միավորելու Քաշմիրը կա՛մ որպես անկախ երկիր, կա՛մ Պակիստանի տիրապետության տակ։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում