Բուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորներն Ուկրաինային
1 րոպեի ընթերցում

Բուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորները, որոնք նախատեսված են չիրականացված Բելենե ԱԷԿ-ի նախագծի համար և որոնք ցանկանում էր գնել Ուկրաինան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովը։
Ավելի վաղ ուկրաինացի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտարարել էր, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենք է ստորագրել Խմելնիցկիի ԱԷԿ-ի համար Բուլղարիայից ռուսական արտադրության սարքավորումներ գնելու մասին։
«Մենք որոշել ենք, որ Բելենե ԱԷԿ-ի երկու ռեակտորները չեն վաճառվելու, ատոմային էներգիայի զարգացումը ճիշտ ճանապարհ է երկրի և ժողովրդի համար։ Աշխարհում էլեկտրաէներգիայի գները բարձրանում են, աշխարհն ապրում է մշտական էներգետիկ անկայունության պայմաններում, և դա է պատճառը, որ միջուկային էներգիան կայուն է և կանխատեսելի։ Մենք ունենք տեղամաս, ունենք ռեակտորներ, ունենք անձնակազմ՝ ամեն ինչ մեր ձեռքերում է»,- ասել է Զաֆիրովը։
Նա հավելել է, որ այդ ռեակտորները Բուլղարիայի համար առանցքային ակտիվ են և նրա էներգետիկ անկախության մի մասը: Այժմ այդ հարցի վերաբերյալ սպասվում է նաև Բուլղարիայի խորհրդարանի որոշումը։