Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է վերականգնել գործընկերությունը Թբիլիսիի հետ
2 րոպեի ընթերցում

Վրաստանի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է վերականգնել և խորացնել Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ մանրամասնելով, որ Դավիթաշվիլին դարձել է առաջին վրացի նախարարը, որն այցել է Միացյալ Նահանգներ 2024 թվականին երկրների միջև հարաբերությունների վատթարացումից և Վրաստանի կառավարության անդամների նկատմամբ վիզային պատժամիջոցներ սահմանելուց հետո։
Նշվում է, որ վրացի նախարարն այցի ընթացքում հանդիպել է Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների և առաջատար միջազգային ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ։
«Նոր վարչակազմն ունի շատ հաստատուն դիրքորոշում, որ այս ռազմավարական համագործակցությունը պետք է ոչ միայն շարունակվի, այլև խորանա՝ անցնելով որակապես նոր փուլի, որը գործնականում օգտակար կլինի երկու երկրների համար»,-ասել է Դավիթաշվիլին՝ ամփոփելով իր այցի արդյունքները։
Վրաստանի գործընկերությունը մի շարք արևմտյան երկրների հետ սկսեց է վատթարանալ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի ընդունումից հետո։
Արևմուտքը մեղադրում է Վրաստանի ներկայիս իշխանություններին ժողովրդավարությունը հետ մղելու մեջ։
ԵՄ-ն սառեցրել է հարաբերությունները Վրաստանի հետ, հրաժարվել բարձր մակարդակի հանդիպումներից, կասեցրել ֆինանսական օգնությունը և երկրի ինտեգրումը միությանը։
ԱՄՆ-ն կասեցրել է ռազմավարական գործընկերությունները և որոշ ֆինանսավորումներ։ Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ ԵՄ հինգ երկրներ, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ուկրաինան վիզային պատժամիջոցներ են կիրառել Վրաստանի ավելի քան 300 պետական պաշտոնյաների նկատմամբ։