Տնտեսություն

Ինը կարևոր միտք ապագայի փողի վերաբերյալ Doing Digital Forum 2025-ից

10 րոպեի ընթերցում

Ինը կարևոր միտք ապագայի փողի վերաբերյալ Doing Digital Forum 2025-ից

Թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների Doing Digital Forum-ն (DDF) արդեն երրորդ անգամ անցկացվեց Երևանում` միավորելով շուրջ 20 խոսնակի և ավելի քան 1000 մասնակցի Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագրով DDF 25-ը դարձավ արժեքավոր մտքերի և դինամիկ քննարկումների հարթակ պետական կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչների, ոլորտի միջազգային ու տեղական առաջատար փորձագետների ու կազմակերպությունների համար: 

Միջոցառման կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, DDF 25-ի Տեխնոլոգիական գործընկերը՝ Amazon Web Services-ը։ Doing Digital Forum-ի հիմնադիր և SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը կարևորեց վերափոխումների ժամանակաշրջանում առաջնորդության ստանձնումը: «Մենք ապրում ենք աննախադեպ տեխնոլոգիական փոփոխությունների դարաշրջանում․ ես կասեի՝ տեխնոլոգիական ցունամիի ժամանակներում` լի նոր հնարավորություններով և համարձակ գաղափարներով: Նրանք, ովքեր ոչ թե պարզապես հետևում, այլ առաջնորդում են այս գործընթացները, ձևավորում են ապագայի տնտեսության տեսլականն ու դառնում նոր խաղի կանոններ սահմանողները: Ապագան չի սպասում, եկեք առաջնորդենք փոփոխությունները»,-ասաց Տաթևիկ Սիմոնյանը: 

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ֆորումի բացման իր ելույթում անդրադարձավ փողի անցած ճանապարհին` փոխանակման համակարգերից` բարտերից մինչև ժամանակակից թվային արժույթներ` կրիպտոակտիվներ: 

«Որպեսզի հասկանանք, թե ինչպես են թվային տեխնոլոգիաները ձևավորում փողի ապագան, պետք է վերանայենք մի քանի հիմնարար հարց՝ որն է փողի դերը, ի՞նչն է արժույթը դարձնում վստահելի և լայնորեն կիրառելի»,- ասաց Գալստյանը` հավելելով, որ վստահության և արժանահավատության հարցն առավել հրատապ է դառնում թվային արժույթների տարածմանը զուգընթաց:

Ֆորումի գլխավոր խոսնակ աշխարհահռչակ ֆուտուրիստ Գերդ Լեոնհարդն իր ելույթը սկսեց հետևյալ մտքով. 

«Մենք այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ գրեթե ամեն բան կայուն ձևով փոխվում է: Այն, ինչ իրականություն էր մեկ տասնամյակ առաջ, այսօր հարցականի տակ է դրվում և, որպեսզի ավելի լավ հասկանանք ապագան, պետք է պատրաստվենք դրան այսօր»: 

Նրա խոսքով` մարդկությունը կանգնած է մի խաչմերուկում, որտեղ հին համակարգերը քանդվում են, բայց նորերը դեռ ձևավորման փուլում են: Լեոնհարդն առանձնացրեց չորս հեղափոխություն, որոնք մեծ ազդեցություն ունեն բանկային ոլորտի, ֆինանսական ծառայությունների ու բուն փողի հայեցակարգի վրա: Դրանք աշխարհաքաղաքական փոփոխություններն են, թվային հեղափոխությունն ու արհեստական բանականության լայն տարածումը, կայուն զարգացման հրամայականը և կյանքի իմաստի ու արժեքների վերափոխումը: 

«Այս չորս միտումները ստեղծում են նոր աշխարհ` լի անորոշությամբ, բայց նաև հնարավորություններով ու բացահայտումներով: Նոր իրականությունում ինչ դեր կունենան տեխնոլոգիաները, մասնավորապես, արհեստական բանականությունը, որոշում ենք մենք: Այն, ինչ կարող է անել մարդը, մեքենան չի կարող անել: Մենք ապագայի կառուցողներն ենք, ոչ թե դրա զոհը: Եկեք միասին ստեղծենք ապագան»,-նշեց ֆուտուրիստը: 

Համաշխարհային կրիպտո առաջնորդ, Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր Հենրի Արսլանյանի խոսքով` թվային արժույթներն ամբողջությամբ ֆիզիկական փողին չեն փոխարինելու, բայց ապագան կրիպտոարժույթներինն է: 

«Թվային արժույթների բնագավառի զարգացումը յուրօրինակ հնարավորություն է Հայաստանի համար, քանի որ հայերը ճկուն են, ողջունում են նոր տեխնոլոգիաները և հնարավորություն ունեն օգտվել այս փոփոխություններից: Կարծում եմ` այս շրջանն ամենահետաքրքիր ժամանակն է ֆինանսների և ընդհանրապես փողի պատմության մեջ»,-ասաց Հենրի Արսլանյանը: 

«Բարտերից մինչև կրիպտո. փողի էվոլյուցիան»  թեմայով պանելային քննարկման առանցքում կրիպտոարժույթներն էին, բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաները, ինչպես նաև դրանց կարգավորման դաշտի առանձնահատկությունները: Fastex ընկերության գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանն ընդգծեց, որ ռազմավարական աճի ապահովման տեսանկյունից կարևոր է կարգավորման դաշտի հստակությունը:

«Բիզնեսի տեսանկյունից որքան ավելի կարգավորված է միջավայրը, ընդդեմ չկարգավորվածի, այնքան մեծ է ռազմավարական և երկարաժամկետ պլանավորման հնարավորությունը»,-ասաց նա:

Համաշխարհային կրիպտո տիրույթում Հայաստանի դերակատարմանն անդրադառնալով` Աբրահամյանը նշեց. 

«Մենք չենք ուզում, որ Հայաստանի կրիպտո գործունեությունն ասոցացվի ինչ-որ բանից խուսափելու հետ, այն պետք է ասոցացվի նոր բան ստեղծելու հետ»:

Հայաստանի Ազգային վճարային համակարգ Arca-ի խորհրդի անդամ Արա Աբրահամյանն էլ մատնանշեց Հայաստանի մրցակցային առավելությունները երկու հիմնական ոլորտներում: 

«Ֆինանսական ծառայություններն ու տեղեկատվական տեխնոլոգիաները երկու առաջադեմ ու զարգացող ոլորտներ են Հայաստանում: Կարծում եմ` այս երկուսի միավորումը պարարտ հող է ստեղծում Հայաստանում տեխնոլոգիական զարգացման համար»,-ասաց Աբրահամյանը:

Երկրորդ պանելային քննարկումը, որը վարում էր Ֆասթ Բանկի տնօրենների խորհրդի անդամ Վահան Վարդանյանը, անդրադարձավ տնտեսական աճի վրա թվային արժույթների ազդեցությանը: Քննարկվեցին հարցեր, թե ինչպես են արհեստական բանականությունն ու ամպային տեխնոլոգիաները վերափոխում կապիտալի շուկաները, մարդասիրական օգնությունն ու տնտեսական զարգացումը, հատկապես Հայաստանի ֆինթեք ոլորտում:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն ընդգծեց ֆինանսական կրթության անհրաժեշտությունը.

«Մենք պետք է միասին աշխատենք ավելի լավ լուծումներ ստեղծելու ուղղությամբ, բայց մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը, և ես հղում եմ կատարում սոցիալական վարքագծային գիտությանը, այն է, որ մարդիկ չգիտեն` ինչպես պլանավորել գումարը: Այնպես որ կարևոր չէ, թե օգնությունը գումարի, սննդի կամ կրիպտոարժույթների տեսքով է, մարդիկ դեռ պետք է սովորեն՝ ինչպես այն կառավարել»:

Apricot Capital DIFC Limited ընկերության ավագ գործադիր տնօրեն Օֆելյա Աղաքարյանն էլ կարևորեց նորարարության հանդեպ աճող պահանջարկի միտումները: 

«Անցել են այն ժամանակները, երբ միայն երիտասարդներն էին հետաքրքրված նոր տեխնոլոգիաներով: Այժմ բոլորը կարծում են, որ սա անհրաժեշտություն է, և շքեղություն չէ ունենալ հավելվածներ, որոնք իրենց կարիքներին հարմարեցված պրոդուկտ են առաջարկում»,-նշեց Աղաքարյանը:

Amazon Web Services-ի Ձեռնարկությունների տեխնոլոգիական փորձագետ Մատիաս Ունդուրրագա Բրեյթլինգն էլ շեշտեց.

«Գեներատիվ արհեստական բանականությունը փոխակերպում է հաճախորդների փորձառությունը, իսկ հավատարմությունը, որն առաջանում է հաջողված փորձի միջոցով, երկարաժամկետ աճի բանալին է»:

Ֆորումի բանախոսների շարքում էին նաև Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, Ազգային վճարային համակարգ (Arca)-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը, Հայաստանի Տեղեկատվական համակարգերի գործակալության Կիբեռանվտանգության տնօրեն Շանթ Քասարջյանը, Edgar, Dunn & Company-ի գործադիր տնօրեն Սամի Զաֆարը, Visa-ի CEMEA տարածաշրջանի թվային, ռազմավարության և PxD պրակտիկայի ղեկավար Էնդրյու Թրուոնգը և այլք:

Ֆորումին հաջորդեց Doing Digital Awards մրցանակաբաշխությունը, որը մեկնարկել է նախորդ տարի ու դարձել ֆորումի անբաժանելի մասը: Թվային ֆինանսների ոլորտում նորարարությունն ու առաջնորդությունը գնահատելու և խթանելու նպատակով մրցանակներ հանձնվեցին համաշխարհային մտքի առաջնորդներին և առաջադեմ ընկերություններին էթիկական նորարարությունը, անվտանգ վճարումները, ապակենտրոնացված ֆինանսները ու թվային ներառումն ապահովելու համար:

2023 թվականին իր մեկնարկից ի վեր Doing Digital Forum-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Հոնկոնգից, Դանիայից, Հունաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Ավստրալիայից եւ ԱՊՀ երկրներից։ 

Արդեն երրորդ տարին անընդմեջ Doing Digital ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն էր, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, Fastex-ը՝ Բլոկչեյն գործընկերը: Fast Bank-ը միացել էր ֆորումին՝ որպես Ֆինանսական գործընկեր։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում