Հանրային հեռուստաալիքների համար շահեկան է անիմացիոն պրոդուկտը. France TV-ից Պիեր Սիրակուզան Երևանում հանդիպեց ոլորտի մասնագետներին
4 րոպեի ընթերցում

France TV-ի երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պիեր Սիրակուզան, որն օրերս այցելել է Հայաստան, ապրիլի 9-ին հանդիպեց կինոյի և անիմացիոն ոլորտների պրոդյուսերների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը, որը տեղի ունեցավ Հայաստանի կինոյի հիմնադրամում, Սիրակուզան անդրադարձավ ֆիլմերում, հեռուստաշարերում (ինչպես մանկական, այնպես էլ ոչ մանկական), գեղարվեստական և փաստավավերագրական կինոնկարներում ներդրման ծրագրերին ու արտադրման գաղտնիքներին։
Նա ապրում է Փարիզին կից մի քաղաքում, որտեղ շատ են հայերը, ուստի քաջածանոթ է մեզ, սակայն, ինչպես ինքն ասաց, հայերենին դեռ չի տիրապետում, ուստի նախընտրում է ֆրանսերեն խոսել։
Սիրակուզայի խոսքով՝ մի քանի տարի շարունակ ֆրանսիական հանրային հեռուստաալիքներն առաջատար են եղել։ «Տարբեր թվային ալիքների հոսքը զարմանալիորեն դրական է ազդել հանրային հեռուստաալիքների վրա, թվայինից տուժել են մասնավոր հեռուստաալիքները։ Հանրային հեռուստաալիքից մարդիկ ակնկալում են որոշակի կայունություն, վստահում են տրամադրած տեղեկություններին։ Ներկայիս միտումները գծային սպառման տեսանկյունից, որը նվազում է, նպաստավոր են հանրային ալիքների համար, եթե դրանք էլ ընդունակ են թվային հարթակներ զարգացնել ու թվային առաջարկ ներկայացնել։ Գնալով համոզվում ենք, որ France TV-ի և այլ ավանդական հեռուստաալիքների իրական արժեքը գծայնությունն է։ Մարդիկ կարիք ունեն ավանդական հեռուստաալիքների, որոնցից կոնկրետ հաղորդաշարեր են սպասում։ Սա մի ուժ է, որն ունենք մենք, և որից զուրկ են սթրիմինգային հարթակները»,-շեշտեց նա։
Պիեր Սիրակուզան կարծում է՝ «Նեթֆլիքս»-ը, «Ամազոն»-ը և նման այլ հարթակները բավականին ագրեսիվ մուտք գործեցին ասպարեզ։ «Նրանք հարձակողական էին նաև արտադրության տեսանկյունից։ Գալիս էին Ֆրանսիա ու տաղանդավոր մարդկանց փնտրում։ Այդ հարթակները Ֆրանսիա մուտք գործելուց հետո միտված չէին մեզ հետ քննարկումների. կատարյալ ինքնավարություն էր։ «Նեթֆլիքս»-ը երիտասարդության բնագավառում առաջարկներ ներկայացնելու և կշիռ ունենալու համար դիմեց մեզ։ Մենք գնել էինք մի քանի IP-ներ, որոնք պարտադրված էին գծայինների կողմից։ Սթրիմինգային հարթակներն ասացին, որ այդ գծային ալեհավաքների կարիքն ունեն իրենց առաջարկները տարածելու համար։ «Նեթֆլիքս»-ն այդ հարցը լուծում էր մարքեթինգային ներդրումներով»,-պատմեց France TV-ի ներկայացուցիչը։
Այսօր France TV-ն բարձր հեղինակություն ունի։ Հեռուստաալիքը թվային տեսահոլովակների դիտման քանակով առաջատար դիրքերում է։
Սիրակուզան առանձնահատուկ համարեց այն, որ գլոբալ սպառման ¼-ը անիմացիայից է։ «Անիմացիան առաջարկի 10 տոկոսից պակասն է։ Այն նեղ հատվածի է վերաբերում, բայց գլոբալ սպառման տեսանկյունից շատ ավելին է անում իր բովանդակությամբ։ Հանրային հեռուստաալիքների համար բավականին շահեկան է անիմացիա ունենալը»,-ընդգծեց նա։
France TV-ն ֆինանսավորում է ֆրանսիական արտադրության անիմացիաների հիսուն տոկոսը։ Մյուս հիսուն տոկոսը կիսում են հինգ մասնավոր դերակատարներ։ «Մենք իսկապես շատ կարևոր դիրք ենք գրավում ոլորտում, աջակցում, կարգավորում ենք ոլորտը։ Տարեկան 35 մլն եվրո անիմացիային ենք տրամադրում, 4 մլն եվրո՝ կինոյին, 31 մլն եվրո՝ հեռուստատեսությանը։ Այդ գումարի մեծ մասը տրամադրվում է 5-ից 10 տարեկան երեխաների համար նախատեսված մանկական հեռուստաշարերին։ Մասնավոր ալիքները քիչ են ուշադրություն դարձնում այդ տարիքի երեխաների համար նախատեսված բովանդակությանը, և այդ բացը լրացնում են հանրային ալիքները»,-շեշտեց Պիեր Սիրակուզան։
Սիրակուզան Հայաստան է ժամանել «ՌեԱ» փառատոնի հատուկ հրավերով և France TV-ի հետ համագործակցությամբ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ։