Քաղաքականություն

Բելգիայի Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

3 րոպեի ընթերցում

Բելգիայի Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերի և Սենատի նախագահ Վենսան Բլոնդելի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ 

ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Պետեր Դը Ռուվերին և Բելգիայի Ներկայացուցիչների պալատին Հայաստանին ու հայ ժողովրդին մշտապես ցուցաբերած աջակցության և կարևոր հարցերի վերաբերյալ նրա սկզբունքային դիրքորոշման համար:

Պետեր Դը Ռուվերը վերահաստատել է Բելգիայի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին քաղաքական կարևոր հարցերում: Նա նշել է, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակալի քայլ էր, և որ Բելգիան հնարավորության դեպքում պատրաստ է աջակցել Հայաստանին: Անդրադառնալով վիզային ռեժիմի ազատականացման թեմային՝ Պետեր Դը Ռուվերն ընդգծել է, որ պատրաստակամ են աջակցելու գործընթացին. գործընթացն ու ժամկետներն ավելի շատ տեխնիկական հարցեր են, քան քաղաքական: 

Հակոբ Արշակյանը գործընկերներին մանրամասներ է ներկայացրել մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որը խորհրդարան էր բերվել քաղաքացիական նախաձեռնությամբ:

Կարևորելով վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը և ՀՀ-ԵՄ համագործակցությունը Խաղաղության եվրոպական գործիքի շրջանակում՝ ԱԺ փոխխոսնակն ակնկալիք է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը: 

Բելգիայի Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը՝ ցանկանալով տեղեկանալ դրա հեռանկարների վերաբերյալ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալը գործընկերոջը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին, հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնեցված համաձայնագրին, դրա ստորագրման համար ադրբեջանական կողմից առաջադրվող նորանոր նախապայմաններին և արհեստական խոչընդոտներին, ինպես նաև խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունեցող բոլոր հումանիտար խնդիրների լուծմանը: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում