Պատկերների ու բառերի խաչմերուկում. ինչպես է ձևավորվում հայկական կոմիքսի նոր պատմությունը
7 րոպեի ընթերցում

Երբ խոսում ենք հայ գրականության մասին, կոմիքսը հազվադեպ է հիշատակվում որպես լիարժեք ժանր։ Բայց այդ պատկերավոր գրականության հանդեպ սիրով զինված մի խումբ մարդիկ որոշել են փոխել խաղի կանոնները։ «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակներում գործող «ՌեաԿոմիքս» հրատարակչությունը ոչ միայն ոգեշնչված է համաշխարհային փորձից, այլ նաև խիզախ նպատակ ունի ձևավորել հայկական կոմիքսի մշակույթն ու լսարանը Հայաստանում ու դրա սահմաններից դուրս։
Երգիծանկարիչ և «ՌեաԿոմիքս» նախաձեռնության համահիմնադիրներից Վրեժ Քասունին վստահ է, որ պատկերային մտածողությունը հայկական մշակույթում նոր չէ․ «Հայաստանում պատկերապատումը միշտ մեծ դեր է ունեցել, իսկ մանրանկարչությունը դրա ամենավառ դրսևորումներից է։ Ավետարանը՝ որպես պատկերապատման մտածելակերպի ձև, արդեն իսկ հիմք է տալիս մեզ խոսելու այս ժանրի մասին՝ որպես մշակութային ժառանգություն»։
Սակայն, ինչպես Վրեժ Քասունին է նշում, պատմության ընթացքում կոմիքսը հաճախ փակվել է եկեղեցական-ակադեմիական շրջանակներում․ «Պատկերապատման արվեստը մնացել է Ավետարանի սրբության մեջ ու չի հանրայնացվել։ Իսկ սովետական տարիներին էլ կոմիքսները սիրելի էին, բայց հիմնականում ծառայում էին որպես պրոպագանդայի գործիք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է նա։
«ՌեաԿոմիքս» հրատարակչության ղեկավար Պետո Դեմիրճյանը, շեշտում է, որ կոմիքսը ոչ թե երեխայական զվարճանք է, այլ գրական ժանր․ «Միշտ փնտրտուքի մեջ եմ եղել, թե ինչպես անենք, որ մենք էլ մեր կոմիքսը ունենանք։ Դա գրական ժանր է՝ հակառակ այն թյուր ըմբռնման, թե միայն երեխաների համար է։ Սփյուռքում էլ, Հայաստանում էլ այդ ժանրը քիչ է զարգացել»։
Նրա խոսքով՝ դասական այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Թինթին»-ը, «Լյուքի Լյուք»-ը կամ ավելի լուրջ՝ Մանուշյանի կյանքի մասին փաստավավերագրական կոմիքսը, կարող են դառնալ կամուրջ սերունդների և մշակույթների միջև։
«Մենք սկսեցինք ազգային մրցույթ՝ պատկերապատման նախագծերի համար ու առաջին մրցանակի շահողներին ոչ միայն գումար տվեցինք, այլև պատրաստ ենք աջակցել գործի հրատարակությանը։ Սա մեր սեփական ֆինանսական զոհաբերությունների արդյունքն է, որովհետև հավատում ենք՝ կարևորը հայ հեղինակին հնարավորություն տալն է», -պատմում է Վրեժը։
Բացի մրցույթներից, «ՌեաԿոմիքս»-ի նպատակն է իրականացնել նաև թարգմանություններ՝ համաշխարհային բեսթսելերների հիման վրա։ «Մեր նպատակը երեխաներին ու պատանիներին հայերենով հասանելի դարձնելն է այն ստեղծագործությունները, որոնք մինչ այժմ միայն օտար լեզուներով էին հասանելի», - նշում է Պետո Դեմիրճյանը։
Նախագծերի շարքում արդեն թարգմանվել են Ռայնհարդ Կլայստի «Բռնցքամարտիկը», իսկ Միսաք Մանուշյանի մասին գիրքը շատ շուտով իր տեղը կգտնի հայաստանյան գրախանութներում։
Ժան Դավիդ-Մորվանի ու Թովմաս Չերքեզյանի գրչին պատկանող և Միսաք Մանուշյանի մասին գրքի հայերեն թարգմանության նախաձեռնությունը «մի թվիթի պատմություն է»։ Պետո Դեմիրճյանը հեղինակի էջում տեսնում է գրքի ֆրանսերեն հրատարակության լույս տեսնելու մասին լուրն ու շտապում գրել նրան՝ խոսելով հայերեն թարգմանության գաղափարի մասին։ Հեղինակը համաձայնություն է տալիս, բելգիական Dupuis հրատարակչատան հետ բանակցությունների արդյունքում կյանքի է կոչվում նախագիծը։
«ՌեաԿոմիքս»-ն ունի միջազգային ձգտումներ ու համահայկական առաքելություն։ Վրեժի ու Պետոյի մեծ երազանքներից է՝ հայկական կոմիքսը հասցնել միջազգային լսարանին, մասնավորապես՝ Անգուլեմի փառատոն։ «Մենք չենք ուզում պարզապես մասնակցել։ Հինգ տարի հետո ուզում ենք այնտեղ ներկայացնել իսկական որակով ստեղծագործություններ, որոնք ոչ միայն կարդացվում են, այլև մրցանակների արժանանում», - ասում է Վրեժը։
Նրանք նաև տեսնում են համահայկական առաքելություն՝ կապել սփյուռքի հաստատությունները Հայաստանի նախաձեռնություններին։ «Լավ կլինի, որ որոշ գրքեր արևմտահայերեն էլ թարգմանենք, և դրանք լինեն համասփյուռքյան գրախանութներում», - ավելացնում է Պետոն։
«ՌեաԿոմիքս» նախաձեռնության համար, բնականաբար, ամենամեծ խոչընդոտը ֆինանսականն է։ Սակայն, ինչպես Վրեժ Քասունին ու Պետո Դեմիրճյանն են ընդգծում, որակյալ արտադրանքը ինքնին գրավում է աջակցություն, հատկապես այն գործընկերներից, որոնք կարևորում են կրթական նախագծերը։
«Եթե շարունակենք լավ որակով աշխատել, վստահ ենք՝ ֆինանսական խոչընդոտներն էլ կվերանան», - վստահեցնում է Պետոն։
Իսկ Վրեժը հավելում է. «Հիմա մարդիկ ասում են՝ քիչ տեքստ կա, շատ պատկեր… Բայց հենց այդ պատկերի շնորհիվ է, որ երևակայությունը շարժվում է։ Դա ընթերցանելի կինո է»։
Պատկերապատման ժանրի ձևավորումը Հայաստանով չի սահմանափակվում։ Սփյուռքում ևս որոշ քայլեր արվել են՝ հատկապես Պոլսո «Արաս» հրատարակչության կողմից։ Թեև նրանց հրատարակած հիմնական կոմիքսները կենտրոնացած են եղել Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ և հիմնականում թարգմանություններ են եղել ֆրանսերենից, այդ գործերը թեման դարձրել են առավել հասանելի հայ ընթերցողի համար։
«Արասը» 2015 թվականից հետո Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ 4 կոմիքսային գիրք է հրատարակել, որոնք նախատեսված են մեծահասակների համար։ Սակայն հրատարակչությունը նաև մի շարք մանկական կոմիքսներ է թարգմանել՝ լրացնելով շուկայում եղած բացը։
Սփյուռքի այլ նախաձեռնություններ, մասնավորապես Ֆրանսիայում, նույնպես ունեն թարգմանած մանկական կոմիքսներ։ Սակայն, ինչպես «ՌեաԿոմիքս»-ի հիմնադիրները նշում են, սա դեռ բավարար չէ այն հասարակական ու մշակութային հոսքը ստեղծելու համար, որի կարիքը հայկական պատկերապատման դաշտն ունի։
Իսկ Պետոն վստահ է՝ կոմիքսների միջոցով փոքր տարիքի երեխաների մոտ կարելի է կարդալու և արտահայտվելու հմտություններ զարգացնել։