Մամուլի սրահ

Մասնագիտական էթիկայի խախտման դեպքում բուժաշխատողներին ավելի խիստ պատասխանատվության միջոցներ են սպասվում

3 րոպեի ընթերցում

Մասնագիտական էթիկայի խախտման դեպքում բուժաշխատողներին ավելի խիստ պատասխանատվության միջոցներ են սպասվում

Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովն արդեն մեկ տարի է խնդիրների դեպքում քաղաքացիներից ընդունում է դիմումներ։ Հանձնաժողովը նոր է ձևավորվել, որպես ինստիտուտ նոր է ներդրվում, բայց արդեն աշխատել են բավական թվով բուժաշխատողների ու բուժառուների հետ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը նշեց, որ նամակներ ու դիմումներ շատ են եղել, սակայն վարույթ ունեցել են 10։ Դրանք այն դեպքերն են, որ բուժաշխատողների վարքականոնների առնչությամբ դիմել են բուժառուները կամ նրանց հարազատները։ 

«Բարձրացված խնդիրները տարբեր են, սակայն հիմնականում վերաբերում են բուժառուի արժանապատվությանը, ընտանիքի անդամին վիրավորելուն, ցավի մեղմման հետ կապված թերացումներին և այլն։ Ասեմ, որ ունեցել ենք նաև հենց բուժաշխատողների միջև անհարգալից վերաբերմունքի դեպքեր, որոնք նույնպես մեր ուշադրության կենտրոնում են եղել»,-ասաց Իզաբել Աբգարյանը։ 

Դիտարկված դիմումնների համաձայն 5 բուժաշխատողի պարագայում հաստատվել է էթիկայի կանոնների խախտման դեպքը, իսկ 5-ի պարագայում՝ ոչ։ Էթիկայի կանոնների խախտման դեպքում բուժաշխատողը պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկվի։ Ներկայիս օրենսդրությամբ նախատեսված է նկատողություն, խիստ նկատողություն, ապա նոր լիցենզիայի կասեցում։ 

«Առաջիկայում սպասվում են փոփոխություններ այն մասին, որ եթե էթիկայի կանոնը խախտվի, ապա առաջին անգամ բուժաշխատողի մասնագիտական գործունեության լիցենզիան մեկ ամսով է կասեցվելու, 2-րդ անգամ՝ երեք ամսով։ Ինչպես տեսնում եք ավելի խիստ պատասխանատվության միջոցներ են սպասվում»,-ասաց Իզաբել Աբգարյանը։

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ իրենց խնդիրը կոնկրետ բուժաշխատողներին թիրախավորելը չէ։ Իրենց նպատակն է անհատական գործերի միջոցով գնալ համընդհանուր վարքագծի փոփոխությունների։ Ակնկալվում է, որ մեկ դեպքը բուժհաստատությունում կքննարկվի, կբարձրացվեն խնդրները և լուծումներ կառաջարկվեն։ Դրանից բացի, բուժաշխատողներին կտրվի էթիկայի կանոնների, բարեվարքության հարցերի հետ կապված վերապատրաստման հնարավորություն։ 

Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին, ապա Իզաբել Աբգարյանը նշեց, որ պատրաստվում են լայն իրազեկման աշխատանքներ կատարել, որ հասարակությունը տեղեկացված լինի հանձնաժողովի գործունեության մասին։ Հանրայանացվելու են բուժաշխատողների հետ կապված հանձնաժողովի որոշումները։ Վերջերս գործարկվել է հանձնաժողովի նոր կայքը www.mec․am -ը, որի միջոցով քաղաքացիները կարող են իրենց հետաքրքրող հարցերը ներկայացնել կամ դիմել խնդիրների դեպքում։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում