Լինել ուսանողի կողքին աշխատաշուկա մուտքը սահուն դարձնելու համար. «Ապագա» հիմնադրամն ընդլայնում է գործընկերների շրջանակը
6 րոպեի ընթերցում

«Ապագա» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի շրջանակում հնարավորություն կլինի աջակցել 70 ուսանողի։ «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում «Ապագա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը նշեց, որ տարեցտարի ավելացնում են և շահառուների թիվը, և ընդլայնում են գործընկերների շրջանակը։
«Մեր ծրագրի նպատակն է աջակցել ուսանողներին մասնագիտական զբաղվածություն ունենալու հարցում։ Մենք գիտենք, թե ուսանողներն ինչ դժվարություններ են ունենում աշխատաշուկա մուտք գործելու ճանապարհին։ Ահա մեր հարթակը լավ հնարավորություն է այդ ճանապարհին աջակցություն ստանալու համար։ Մենք ոչ միայն աջակցում ենք 1 տարվա 80% վարձավճարի փոխհատուցման հարցում, այլև հնարավորություն է տրվում մասնակցել առաջատար կազմակերպությունների մասնագետների կողմից անցկացվող կրթական դասընթացներին, ակտիվ ներգրավվել մասնագիտական պրակտիկ աշխատանքներում։ Լավագույնները տեղավորվում են աշխատանքի»,-ասաց Ռոզա Սոլոմոնյանը։
Ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երի, ինչպես նաև պետության կողմից հավատարմագրված համալսարանների 3-րդ կուրսի ուսանողները։ Հիմնադրամը նախապես գործատուների շրջանում իրականացնում է հետազոտություն, առանձնացնում է այն ուղղությունները, որոնցով կա մասնագետների պահանջարկ, ըստ այդմ էլ ընտրում են շահառու ուսանողներին։
Ծրագրին միացել են տարբեր գործընկերներ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածից։ ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը նշեց, որ 2 տարի առաջ նախարարությունը որդեգրեց երիտասարդներին ներգրավելու քաղաքականություն։
«Մենք հանդիսանում ենք հարթակ, որտեղ ուսանողները կարող են իրենց կարողությունները զարգացնել։ Միևնույն ժամանակ մենք մտածում ենք մեր կադրային քաղաքականության փոփոխության մասին, թե ինչպես ուսանողների ռեսուրսն օգտագործել նախարարության առջև դրված խնդիրների լուծման համար։ Ասեմ, որ եթե 2021 թվականին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատանքներում ներգրավվել էր 1 ուսանող, ապա 2024 թվականին արդեն 39 հոգի է ներգրավվել։ Նախարարությունում 350 աշխատակից ունենք, որից 126-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են»,-ասաց Կարեն Սարգսյանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ Հրանուշ Վարդանյանը նշեց, որ իրենք պատրաստ են աջակցել երիտասարդ կադրերի վերապատրաստման հարցում, ինչը կօգնի նրանց նոր հմտություններով մուտք գործել աշխատաշուկա։
«Նախարարությունն իր հերթին մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնց հիմնական շահառուն հենց ուսանողներն են։ «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցությունը կարող է ռազմավարական նշանակություն ունենալ։ Հնարավորություն կա վերապատրաստած կադրերին, որպես արդեն մասնագետներ, տեսնել մեր ռազմավարությունից բխող ուղղություններում։ Ինչպես գիտեք, տեխնոլոգիական ոլորտի մասնագիտությունները վերջին շրջանում ամենապահանջվածներից են։ Իհարկե, շրջանակը բավական լայն է, բայց ասեմ, որ նախագծերի կառավարումից սկսած մինչև արհեստական բանականության ճիշտ և ավելի օգտակար կիրառման հմտություններ ունեցող մասնագետների կարիք կա»,-ասաց Հրանուշ Վարդանյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգման գծով խորհրդական Եվգինե Վարդանյանը, կարևորելով «Ապագա» հիմնադրամի հետ աշխատանքը, նշեց, որ սա շատ լավ հնարավորություն է երիտասարդների համար սահուն կերպով աշխատաշուկա մուտք գործելու համար։
«Բոլորս էլ գիտենք, թե ուսանողներն ինչ դժվարություններ են ունենում։ Դրա համար մենք պետք է լինենք նրանց կողքին, որ աշխատաշուկա մուտքը լինի առավել սահուն։ Մենք ունենք զբաղվածության նոր ռազմավարություն, որով երիտասարդները ևս հռչակված են թիրախային խումբ։ Մենք հիմա մշակում ենք տարաբնույթ ծրագրեր, որպեսզի երիտասարդները կարողանան օգտվել աշխատաշուկա մոտք գործելիս։ Նախաձեռնել ենք բարեփոխումներ տարբեր ուղղություններով և այդ հարցում կարևորում ենք սոցիալական ոլորտի աշխատուժի հմտությունների զարգացումը։ «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցությամբ ակնկալում ենք, որ սոցիալական աշխատողներ ևս կներգրավվեն»,-ասաց Եվգինե Վարդանյանը։
«Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի գործընկերներից է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, որի ուսանողներից 25-ը դիմել է «Ապագա» հիմնադրամի ծրագրում ընդգրկվելու համար։ Համալսարանի կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան Մարինե Գրիգորյանը նշեց, որ այս տարի ուսանողների շրջանում մեծ հետաքրքրություն կա ծրագրի նկատմամբ։
«Սա ևս մեկ հնարավորություն է ուսանողների համար մասնագիտական աշխատանք գտնելու հարցում։ Ասեմ, որ լավ մասնագետների պահանջարկ այսօր կա, գործատուները պարբերաբար դիմում են համալսարան ու ակնկակում են, որ օգնենք աշխատողների հարցում։ Մեր երկրում տարեկան մինչև 600 կմ ճանապարհ է կառուցվում, հիմա սկսվել է կամուրջների անձնագրավորման գործընթացը, իրականացվում է 15 նոր ջրամբարի նախագծում և այս ուղղություններով նման մասնագետների խիստ կարիք կա»,-ասաց Մարինե Գրիգորյանը։