Մելանոմայի կանխարգելման ծրագրերի շրջանակում կտրվի անվճար հետազոտության հնարավորություն
3 րոպեի ընթերցում

Մելանոմայի դեմ պայքարի ամսվա շրջանակում հանրապետությունում անվճար հետազոտության հնարավորություն կլինի։ ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և վեներոլոգիայի գծով խորհրդատու Հովհաննես Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տեղեկացրեց, որ մասնագետների շրջիկ խմբերը առաջիկայում կլինեն մարզերում։
«Հորդորում եմ բոլոր քաղաքացիներին իրենց մարզային բուժհաստատություններում տեղեկանալ, թե մեր մասնագիտական խմբերը երբ են լինելու տեղում ու անպայման դիմեն հետազոտության համար։ Մենք պատրաստ ենք ընդունել այնքան բուժառու, որքան կդիմեն։ Ուզում եմ ընդգծել, որ մելանոման մաշկի ուռուցքային հիվանդություններից ամենագրեսիվն է։ Շատ դեպքերում այն մաշկի վրա լինում է փոքր, տեսանելի ախտանշաններ չի ունենում, սակայն կարողանում է ամբողջ օրգանիզմը ախտահարել։ Դրա համար խիստ անհրաժեշտ է պարբերաբար հետազոտվելը»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա ընդգծեց, որ հետազոտությունն անցավ է, ոչ մի բարդ պրոցես իրենից չի ներկայացնում։
ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը նշեց, որ տարեկան ախտորոշվում է մելանոմայի 60-70 դեպք, ինչը չի կարող ամբողջական պատկերը բնութագրել։
«Սա ռեալ թիվ չէ, այն թերի վիճակագրություն է, որովհետև բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ դիմում են տարբեր տեսակի կոսմետոլոգիական կենտրոններ, իբր այրում են խալերը, արդյունքում բացթողումները շատ են լինում և մելանոմայի դեպքերը չենք կարողանում ընդգրկել ուռուցքաբանի, մաշկաբանի հսկողության տակ։ Դրանով պայմանավորված բաց են մնում դեպքերը»,-ասաց Հայկուհի Գեոկչյանը։
Ինչ վերաբերում է բուժմանը, ապա Հայկուհի Գեոկչյանն ընդգծեց, որ եթե հիվանդությունը հայտնաբերվում է առաջին փուլում, ապա բուժման հավանականությունը 95 տոկոսից ավելին է։
«Խոսքը լիարժեք բուժման հավանականության մասին է։ Երբ հիվանդությունը հայտնաբերվում է 4-րդ փուլում, ապա 5 տարվա ապրելիության ցուցանիշն իջնում է 20 տոկոսի։ Այստեղ կցանկանամ նշել, որ բուժառուների մոտ մելանոման, ցավոք սրտի, հայտնաբերվում է վերջին փուլերում։ Հետևաբար շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները հետևողական լինեն ու պարբերաբար ստուգվեն, մանավանդ, որ անվճար հետազոտվելու հնարավորություն կա»,-ասաց Հայկուհի Գեոկչյանը։
Խոսելով կանխարգելիչ միջոցառումների մասին՝ մասնագետները բացի պարբերաբար հետազոտվելուց, խորհուրդ են տալիս ամեն օր օգտագործել արևապաշտպան քսուք։ Այն քսելուց 40 րոպե հետո նոր կարելի է արևի տակ դուրս գալ։ Պետք է նաև խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, ընթացքում հետևել խալերի փոփոխությանը։